14:56  ,  26 դեկտեմբերի, 2012

Արթուր Աբրահամը՝ կարիերան ավարտելու, հայրենիքում ապրելու, Հայաստանի լավագույն մարզիկի մասին

Երեք-չորս տարի հետո միայն կմտածեմ  կարիերաս ավարտելու մասին, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Օգոստոսի 25-ին դարձա սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն: Երբ լավագույնն ես, միշտ երջանիկ ես: Շտիգլիցն աշխարհի չեմպիոն էր,  եւ նրան չի կարելի թերագնահատել: Ընդհանրապես, կարծում եմ, որ ոչ մի մարզիկի չի կարելի թերագնահատել: Բուադլայի հետ մենամարտն էլ էր բարդ: Նա տակտիկապես ուժեղ էր: Բուադլայի հարվածները ծանր էին: Նա մի քանի հարվածներ հասցրեց կողոսկրերիս, որից հետո ես հասկացա, որ պետք է տարածություն պահեմ: Շտիգլիցի հետ նախապես ստորագրած պայմանգիր ունենք, որ անկախ այդ մենմարատի արդյունքից, պետք է լինի նաեւ ռեւանշ: Դա կլինի մարտի 31-ին կամ ապրիլի 6-ին»,- ասաց Արթուր Աբրահամը:

Ռինգից հեռանալու ծրագրերի մասին աշխարհի չեմպիոնը նշեց. «Դեռ շուտ է ձեռնոցները կախելու մասին մտածել: Դեռ երեք - չորս տարի ես կշարունակեմ մենամարտել: Հետո նոր դրա մասին մտածեմ: Դրանից հետո ես մարզչական գործունեությամբ չեմ զբաղվի: Դա շատ ծանր աշխատանք  է: Օրինակ՝ իմ մարզիչին, որ տեսնում, մեկ-մեկ այնքան է սիրտս ցավում նրա համար: Նա տարվա մեջ 11 ամիս տանը չի լինում: Հավաքներ, մենամարտեր: Դա շատ ծանր աշխատանք է: Ես տարին մի քանի մենամարտ եմ ունենում, բայց 7-8 ամիս տանը չեմ լինում: Ռինգից հեռանալուց հետո կզբաղվեմ Չարբախում մարզադպրոցի կառուցման եւ բացման աշխատանքներով: Դեռեւս միայն հողն ենք գնել, տարածքն  աստիճանաբար մեծացնում ենք: Ես այդ դպրոցի հարցով կսկսեմ լուրջ զբաղվել, երբ ավարտեմ կարիերաս: Ամեն ինչ կանեմ, որ Հայաստանում պրոֆեսիենալ բռնցամարտը զարգանա: Պրոֆեսիեոնալ բռնքամարտը Հայաստանում դեռ զարգացած չէ: Ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, բայց դեռ չի կարելի ասել, թե աշխարհի մակարդակի բռնցքամարտ ունենք: Զարգացնելը շատ բարդ պրոցես է: Մենք ունենք լավ մարզիկներ, բայց համակարգը դեռ զարգացած չէ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացումը կապված է խոշոր գումարների հետ: Հեռուստաընկերությունների դերը նույնպես շատ մեծ է: Գերմանիայում գտնվող մեր ակումբը տեղի կենտրոնական հեռուստաընկերություններից մեկից ստանում է 51 մլն եվրո՝ 3 տարվա համար: Այնպես, որ միայն բոլորին կօգնեմ, ով ցանկություն կհայտնի պրոֆեսիոնալ մակարդակով պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել:

Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուս՝ ցավով պետք է նշեմ, որ ես այստեղ չեմ կարող ապրել, դա ինձ համար շատ դժվար կլինի: Ես աշխատում եմ այնտեղ: Իմ ամբողջ ծրագիրը աշխատանքային պլանը, գործարքները այնտեղ են: Ինչ-որ մեկը պետք է լինի, որ ղեկավարի այդ ամենը: Բայց ես տարին մի քանի անգամ գալիս եմ Հայաստան»:

Արթուր Աբրահամը նաեւ կարծիք արտահատեց ՀՄԼՖ-ի քվեարկության արդյունքում 2012 թվականի տարվա լավագույն տասը մարզիկների ընտրության մասին:

«Ըստ իս՝ տարվա լավագույն մարզիկը օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն է: Չեմ կարող տասնյակի մյուս հորիզոնականները գրավածների մասին կարծիք հայտնել: Բայց նա լավագույն մարզիկի կոչմանը արժանի է: Ինձ այդ ցուցակում չեմ տեսնում, քանի որ ես պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ եմ, ոչ սիրողական: Բայց ես այս տարի Գերմանիայում  ճանաչվել եմ  լավագույն բռնցքամարտիկ:

Ինձ համար ամենալավ բռնցքամարզիկը ռինգում ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերն է, որը մենամարտում է տարին մեկ անգամ եւ ստանում 50-100 միլիոն եվրո: Իսկ այս տարվա  լավագույն բռնցքամարտիկ համարում եմ Կլիչկո կրտսերին»,- ասաց Արթուր Աբրահամը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս