14:56 26 դեկտեմբերի, 2012Երեք-չորս տարի հետո միայն կմտածեմ կարիերաս ավարտելու մասին, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Օգոստոսի 25-ին դարձա սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն: Երբ լավագույնն ես, միշտ երջանիկ ես: Շտիգլիցն աշխարհի չեմպիոն էր, եւ նրան չի կարելի թերագնահատել: Ընդհանրապես, կարծում եմ, որ ոչ մի մարզիկի չի կարելի թերագնահատել: Բուադլայի հետ մենամարտն էլ էր բարդ: Նա տակտիկապես ուժեղ էր: Բուադլայի հարվածները ծանր էին: Նա մի քանի հարվածներ հասցրեց կողոսկրերիս, որից հետո ես հասկացա, որ պետք է տարածություն պահեմ: Շտիգլիցի հետ նախապես ստորագրած պայմանգիր ունենք, որ անկախ այդ մենմարատի արդյունքից, պետք է լինի նաեւ ռեւանշ: Դա կլինի մարտի 31-ին կամ ապրիլի 6-ին»,- ասաց Արթուր Աբրահամը:
Ռինգից հեռանալու ծրագրերի մասին աշխարհի չեմպիոնը նշեց. «Դեռ շուտ է ձեռնոցները կախելու մասին մտածել: Դեռ երեք - չորս տարի ես կշարունակեմ մենամարտել: Հետո նոր դրա մասին մտածեմ: Դրանից հետո ես մարզչական գործունեությամբ չեմ զբաղվի: Դա շատ ծանր աշխատանք է: Օրինակ՝ իմ մարզիչին, որ տեսնում, մեկ-մեկ այնքան է սիրտս ցավում նրա համար: Նա տարվա մեջ 11 ամիս տանը չի լինում: Հավաքներ, մենամարտեր: Դա շատ ծանր աշխատանք է: Ես տարին մի քանի մենամարտ եմ ունենում, բայց 7-8 ամիս տանը չեմ լինում: Ռինգից հեռանալուց հետո կզբաղվեմ Չարբախում մարզադպրոցի կառուցման եւ բացման աշխատանքներով: Դեռեւս միայն հողն ենք գնել, տարածքն աստիճանաբար մեծացնում ենք: Ես այդ դպրոցի հարցով կսկսեմ լուրջ զբաղվել, երբ ավարտեմ կարիերաս: Ամեն ինչ կանեմ, որ Հայաստանում պրոֆեսիենալ բռնցամարտը զարգանա: Պրոֆեսիեոնալ բռնքամարտը Հայաստանում դեռ զարգացած չէ: Ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, բայց դեռ չի կարելի ասել, թե աշխարհի մակարդակի բռնցքամարտ ունենք: Զարգացնելը շատ բարդ պրոցես է: Մենք ունենք լավ մարզիկներ, բայց համակարգը դեռ զարգացած չէ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացումը կապված է խոշոր գումարների հետ: Հեռուստաընկերությունների դերը նույնպես շատ մեծ է: Գերմանիայում գտնվող մեր ակումբը տեղի կենտրոնական հեռուստաընկերություններից մեկից ստանում է 51 մլն եվրո՝ 3 տարվա համար: Այնպես, որ միայն բոլորին կօգնեմ, ով ցանկություն կհայտնի պրոֆեսիոնալ մակարդակով պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել:
Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուս՝ ցավով պետք է նշեմ, որ ես այստեղ չեմ կարող ապրել, դա ինձ համար շատ դժվար կլինի: Ես աշխատում եմ այնտեղ: Իմ ամբողջ ծրագիրը աշխատանքային պլանը, գործարքները այնտեղ են: Ինչ-որ մեկը պետք է լինի, որ ղեկավարի այդ ամենը: Բայց ես տարին մի քանի անգամ գալիս եմ Հայաստան»:
Արթուր Աբրահամը նաեւ կարծիք արտահատեց ՀՄԼՖ-ի քվեարկության արդյունքում 2012 թվականի տարվա լավագույն տասը մարզիկների ընտրության մասին:
«Ըստ իս՝ տարվա լավագույն մարզիկը օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն է: Չեմ կարող տասնյակի մյուս հորիզոնականները գրավածների մասին կարծիք հայտնել: Բայց նա լավագույն մարզիկի կոչմանը արժանի է: Ինձ այդ ցուցակում չեմ տեսնում, քանի որ ես պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ եմ, ոչ սիրողական: Բայց ես այս տարի Գերմանիայում ճանաչվել եմ լավագույն բռնցքամարտիկ:
Ինձ համար ամենալավ բռնցքամարզիկը ռինգում ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերն է, որը մենամարտում է տարին մեկ անգամ եւ ստանում 50-100 միլիոն եվրո: Իսկ այս տարվա լավագույն բռնցքամարտիկ համարում եմ Կլիչկո կրտսերին»,- ասաց Արթուր Աբրահամը:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.