09:17  ,  24 դեկտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Ես աստղ չեմ

«Շատերը կարծում են, որ ես մեծ հաջողությունների եմ հասել, բայց ես այդպես չեմ կարծում: Լուրջ հաջողությունները դեռ առջեւում են: Ես փորձում եմ տարբեր ճանապարհներով հասնել դրանց: Ամեն մարդ պետք է սպասի իր հնարավորությանը եւ այն օգտագործի ճիշտ ժամանակին: Հայերը լավ ֆուտբոլիստներ են եւ եթե կարողանան օգտագործել իրենց հնարավորությունները` շատ բաների կհասնեն»:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ, ավարտվում է 2012 թվականը: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:

Եթե հաշվենք պրոֆեսիոնալ կարիերայիս վերջին 5-6 տարիները, ապա սա լավագույն տարին էր ինձ համար: Բայց կցանկանամ, որ սա լինի վատագույն տարիս: Կուզենամ, որ ավելի լավ տարիներ լինեն: Ցանկությունս է, որ իմ հաջողություններով ուրախացնեմ մեր հայ երկրպագուներին, քանի որ ես ինքս մեծ երջանկություն եմ ապրում` տեսնելով, թե որքան է ուրախանում մեր հայ ժողովուրդը մեր հաղթանակներից ու իմ գոլերից:

Այս տարի դու մի քիչ փոխվել ես: Դարձել ես ավելի փակ: Հարցազրույցներիդ ոճն էլ է փոխվել: Ավելի լակոնիկ ես դարձել:

Ես փակ եմ դարձել կամ տալիս եմ միանման պատասխաններ, երբ ինձ ուղղում են միանման հարցեր: Խոսքը քո մասին չէ, բայց լրագրողների մեծամասնությունը չի կարողանում հետաքրքիր հարցազրույց անցկացնել, կազմել հետաքրքիր հարցեր: Դրա համար էլ ստացվում են ստանդարտ հարցազրույցներ:

Օրինակ` հիշում եմ, որ դու խուսափեցիր նույնիսկ այն հարցից, թե ով է արժանի դառնալ Եվրոպայի առաջնության հաղթող:

Եվրոպայի առաջնությանը ես համակրում էի երեք թիմերի` Իսպանիա, Իտալիա եւ Հոլանդիա: Բայց եզրափակիչում ցանկանում էի, որ հաղթեր Իտալիան, քանի որ ցանկանում էի, որ նորություն գար ֆուտբոլ, հաղթի այն թիմը, որը վաղուց չի հաղթել այդ մրցաշարում:

Շուտով կդառնաս 24 տարեկան: Ի՞նչ է փոխվել քո աշխարհայացքում այս տարվա ընթացքում:

Մեծանալով` կյանքը սկսում ենք յուրովի հասկանալ: Մեր մտածելակերպն էլ է փոխվում: Մարդիկ սկսում են մեր աշխարհը լրիվ այլ ձեւ ընկալել: Նույն գիրքը տարբեր ձեւ ես ընկալում 14, 18, 24 տարեկանում կարդալիս: Նույնն էլ կյանքը: Այն հեքիաթ է, եւ այս հեքիաթն ամեն տարի սկսում ես յուրովի ընկալել:

Քեզ համար կյանքը հեքիա՞թ է:

Կարելի է ասել, որ կյանքը հեքիաթ է, եւ մենք ապրում ենք այնպես, ինչպես այն մեզ թելադրում է, բայց մյուս կողմից կարելի է նաեւ ասել, որ կյանքը պայքար է եւ գոյատեւում են այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց հացի փողը վաստակել: Բացի այդ կյանքը համբերություն է: Օրինակ` խանութում աշխատող վաճառողը պետք է մտածի, որ մի օր կդառնա մենեջեր: Մյուս բնագավառներում էլ է այդպես: Ես ֆուտբոլիստ եմ, եւ ինձ հեշտ է: Սա իմ ուղին է, եւ այստեղ էլ կա միշտ առաջ գնալու ճանապարհ: Մեկ-մեկ մտածում եմ` եթե հանկարծ ես ֆուտբոլիստ չդառնայի` ի՞նչ պետք է անեի:

Դու գիտես, որ հայ երկրպագուները քեզ շատ են սիրում, բայց այս տարի մի քանի անախորժ խոսակցություններ հայտնվեցին, որոնք վերաբերում էին քո եւ երկրպագուների հարաբերություններին: Խոսվում էր, որ Լոնդոնում քեզ մոտեցել են հայ երկրպագուներ եւ խնդրել լուսանկարվել, բայց դու մերժել ես: «Յուվենտուսի» հետ խաղին են քեզ դիմել երկրպագուները, խնդրել միջնորդել տոմսերի հետ կապված հարցերով: Բուլղարիայում նույնպես չես ցանկացել խոսել Սոֆիա ժամանած երկրպագուների հետ:

Այդպիսի  բան չի եղել: Անգլիայում ինձ մոտեցել է միայն մեկ հայ երկրպագու, եւ ես նրան խնդրեցի սպասել: Դա խաղից հետո էր, մենք պետք է ընթրեինք ամբողջ թիմով: Դրանից հետո ես գնացել եմ եւ լուսանկարվել նրա հետ:  Իսկ ուրիշ մարդիկ չեն մոտեցել եւ անհնար է, որ ինձ մոտենան եւ խնդրեն լուսանկարվել, իսկ ես մերժեմ նրանց:

Բուլղարիայի խաղից հետո շատ խոսակցություններ էին հայտնվել, ես ինքս կարդացել եմ, թե իբր ես ասել եմ, որ «աստղ եք բռնել եւ ցանկանում եք նկարվել», բայց դա եւս բացառվում է: Ես ինքս ինձ երբեք աստղ չեմ անվանի եւ ինձ աստղ չեմ համարում: Չի եղել մի երկրպագու, որ մոտենա ինձ` ես նրան վիրավորեմ կամ անպատվեմ: Նույնիսկ, եթե իմանամ, որ իմ մասին վատ է խոսում: Եթե նա ինձ ճիշտ քննադատի, ես կընդունեմ նրա քննադատությունը, եթե զգամ, որ իմ հասցեին սխալ քննադատություն է հնչում, ես նրանց չեմ ների:

«Յուվենտուսի» խաղից մի ամիս առաջ ինձ դիմել էին օգնել տոմսերի հարցում: Ես նրանց ասել եմ, որ զանգեն «Շախտյոր» ակումբ եւ ճշտեն: Ես չգիտեմ տոմսերի վաճառքի կարգը: Ես գիտեմ, որ ով ունի աբոնեմենտ` նրանց տոմսեր են հատկացնում:

Ի՞սկ որտեղից են ծնվել այդ լուրերը:

Ես չգիտեմ: Ամեն ինչ էլ հնարավոր է: Ցանկացած մարդ կարող է ինչ-որ բան մտածել եւ սադրանքի դիմել: Ինձ շատ մարդիկ են ճանաչում, եւ նրանք բոլորն էլ գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ, որ  ինչ-որ մեկին արհամարհեմ կամ կոնֆլիկտի մեջ մտնեմ: Ես շատ բաց մարդ եմ: Ցանկացած մարդու ասածը կարող եմ լսել եւ ընդունել, եթե զգամ, որ դա ինձ օգուտ է, բայց եթե զգամ, որ  նա ֆուտբոլից հեռու է` ուղղակի նրա ասածները չեմ ընդունի:

Մամուլն անընդհատ գրում է քո հնարավոր տրանսֆերի մասին: Քեզ վրա ճնշում չի՞ գործադրում քեզ այդքան շատ տրվող հարցը, թե որն է լինելու քո հաջորդ թիմը:

Շատ հաճելի է լսել, որ քեզնով հետաքրքրվում են տարբեր թիմեր: Ես ինքս այդ լուրերին ծանոթանում եմ ինտերնետով: Ես անկեղծ ոչինչից տեղյակ չեմ: Երբ ժամանակը գա եւ երկու թիմերի միջեւ համաձայնություն լինի, այն ժամանակ միայն կարելի կլինի խոսել այդ մասին:

Իտալիայի հավաքականի հետ խաղից առաջ ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքն է զբաղվում քո գործերով: Իսկ դու դրանից հետո հարցազրույցում ասել էիր` «ո՞վ է Սելյուկը»: Ո՞րն է իրականությունը:

Ես այդպես էի ասել, քանի որ ինձ սխալ հարց էին տվել: Ինձ հարցրել էին` արդյոք նա իմ գործակալն է:  Ես ասացի ոչ, ես գործակալ չունեմ: Դմիտրի Սելյուկը գործակալ չէ, նա ֆունկցիոներ է, ով կարողանում է պաշտպանել ֆուտբոլիստների շահերը: Ես աշխատում եմ նրա հետ, մենք լավ հարաբերությունների մեջ ենք:

Շատ հաճախ, երբ կարդում եմ օտարերկրացի ֆուտբոլիստների հարցազրույցներ, նրանք առանց կաշկանդվելու պատասխանում են տարբեր հարցերի` ընդդիմության կամ իշխանության հանրահավաքներին մասնակցելու վերաբերյալ, ում են ընտրելու քաղաքական ընտրություններում, ինչն իրենց դուր չի գալիս սեփական երկրում: Մեր ֆուտբոլիստներից շատերի հետ այդ բնույթի հարցազրույց անցկացնել գրեթե անհնար է: Ինչո՞ւ է այդպես:

Տվեք նման հարցեր, ես կպատասխանեմ: Եթե ինձ տան հարցեր, որոնց մասին ես իրազեկ եմ, ապա կպատասխանեմ: Վերը նշված հարցերի մասին կարող եմ ասել, որ ժամանակին գնացել եմ տարբեր հանրահավաքների զուտ հետաքրքրության համար` տեսնելու, թե ինչ է կատարվում: Նախագահական ընտրություններին ես այստեղ չեմ լինի եւ կարծում եմ` այդ մեկ ձայնը ոչինչ չի փոխի:

Քո մասին խոսելիս, միշտ առանձնացնում են քո մտավոր զարգացածությունը: Տիրապետում ես հինգ լեզուների: Այսօրվա խիտ գրաֆիկով հասցնո՞ւմ ես նոր բաներ սովորել, կարդալ:

Ես ընդունվել եմ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղ: Վերջերս գնացի այնտեղ, վերցրեցի անհրաժեշտ բոլոր գրքերը: Նոր լեզուներ սովորելու համար պետք է խոսես այն մարդկանց հետ, ովքեր խոսում են այդ լեզվով: Ինչքան էլ լեզուն սովորես, առանց հաղորդակցման դժվար է գիտելիքները պահել:

Մեր ազգային հավաքականի խաղացողներից շատերը, այդ թվում քեզնից կրտսերներն արդեն հասցրել են ամուսնանալ: Շատերը` հատկապես արտասահմանում, գտնում են, որ պետք է կարիերայում հասնել բարձրունքների, նոր հետո ամուսնանալ, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Ի՞նչ ես կարծում, քեզ ամուսնությունը չի՞ խանգարի կարիերայիդ հարցում:

Կարելի է համատեղել մեկը մյուսի հետ: Ամուսնացածներին ցանկանում եմ երջանկություն եւ ոչ թե մեկ, երկու, այլ ավելի շատ երեխաներ, բայց ամենից կարեւորը, որ կարողանան այդ երախաներին պահել: Կարծում եմ` ինձ էլ չի խանգարի: Ընտանիքն ունի իր տեղը, ֆուտբոլը` իր:

Ո՞վ է «Շախտյորում» քո ամենամոտ ընկերը: Լուսանկարներում միշտ Սռնայի կողքին ես:

Դա լուսանկարներում է այդպես: Իրականում բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ:

«Շախտյորը» տարբեր ազգությունների ֆուտբոլիստներով համալրված թիմ է: Հայ ֆուտբոլիստին ովքե՞ր են ավելի հոգեհարազատ:

Ուկրաինացիները:

Կարելի է ասել, որ դու հայաստանցի միակ ֆուտբոլիստն ես, ով վերջին տարիներին մեծ հաջողությունների հասավ դրսում: Քեզնից առաջ էլ էին գնում «Մետալուրգ», հետո էլ հավանաբար շատեը կգնան այլ ակումբներ, բայց դեռ միայն քեզ է հաջողվել հասնել այդ հաջողություններին: Ի՞նչ ունես դու, որ մյուսները չունեն:

Շատերն են կարծում, որ ես մեծ հաջողությունների եմ հասել, բայց ես այդպես չեմ կարծում: Լուրջ հաջողությունները դեռ առջեւում են: Ես փորձում եմ տարբեր ճանապարհներով հասնել դրանց: Ամեն մարդ պետք է սպասի իր հնարավորությանը եւ այն օգտագործի ճիշտ ժամանակին: Հայերը լավ ֆուտբոլիստներ են եւ եթե կարողանան օգտագործել իրենց հնարավորությունները` շատ բաների կհասնեն:

2013 թվականի քո ամենամեծ երազանքը:

Շատ կցանկանամ, որ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ տարի շատ հաղթանակներ տանի, իսկ «Շախտյորը» առնվազն հայտնվի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Մենք ունենք այդ պոտենցիալը եւ կարծում եմ` ամեն ինչ հնարավոր է:

Այս տարվա ամենատպավորված պահը:

Իտալիայի հավաքականին խփած գոլս:

Վերջերս ընթերցած ամենահետաքրքիր գիրքը:

Վերջերս սկսեցի կարդալ «Վանականը, ով վաճառեց իր Ֆերարին» գիրքը,  բայց այս տարի չեմ հասցնի այն ավարտել: Մնաց եկող տարի:

Ո՞ւմ կտայիր «Ոսկե գնդակը»:

Այս տարի ամենաարժանին Ինյեստան է:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով