09:29  ,  12 հոկտեմբերի, 2012

Դմիտրի Սելյուկ. Ես չեմ ասել, թե Հենրիխ Մխիթարյանով չեն հետաքրքրվում առաջատար ակումբները

«Լրագրողները իմ բառերը աղավաղել են: Հենրիխը ունի եւ կունենա առաջարկներ առաջատար եվրոպական հինգ առաջնություններից, քանի որ նրա խաղի ուղղվածությունը դեպի Անգլիա է: Ամռանը մենք արդեն պաշտոնական առաջարկ կունենանք անգլիական առաջատար ակումբներից»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը:

Պարոն Սելյուկ, հոկտեմբերի 10-ին ուկրաինական ukrfootball.in.ua կայքում հայտնվեց Ձեր հարցազրույցը: Դուք ասել էիք, թե Հենրիխ Մխիթարյանով չեն հետաքրքվում եվրոպական առաջատար հինգ առաջնությունների ակումբները:

Ցանկանում եմ անմիջապես ասել, որ ուկրաինական այդ կայքը իմ հարցազրույցի կեսը հորինել էր: Իմ բառապաշարին հարիր չէ ասել «այն հայը, ով խաղում է այնտեղ»: Հակառակը` ես ասացի, որ Հենրիխը շատ լավ խաղաշրջան է անցկացնում: Արդեն խփել է 14 գնդակ: Նա պետք  է իրեն դրսեւորի Չեմպիոնների լիգայում, որպեսզի առաջատար ակումբները նրան պաշտոնական առաջարկ անեն, քանի որ «Շախտյորին» հետաքրքիր չեն ոչ առաջատար առաջնություններից առաջարկներ: Լրագրողները իմ բառերը աղավաղել են: Հենրիխը ունի եւ կունենա առաջարկներ, քանի որ նրա խաղի ուղղվածությունը դեպի Անգլիա է: Ամռանը մենք արդեն պաշտոնական առաջարկ կունենանք անգլիական առաջատար ակումբներից:

Հարցազրույցում Ձեզ ներկայացրել են որպես Հենրիխի գործակալ: Դա այդպե՞ս է:

Ես ՖԻՖԱ-ի գործակալ չեմ, ես ֆուտբոլային ֆունկցիոներ եմ, ներկայացնում եմ Հենրիխի շահերը: Ես կազմակերպել եմ նրա տրանսֆերը «Շախտյոր», ինչպես նաեւ Արաս Օզբիլիսինը` «Կուբան»: Ես նրա գործակալը չեմ, բայց նա իմ ֆուտբոլիստն է: Իրավական տեսանկյունից, ես եմ ներկայացնում նրա շահերը: Յայա Տուրեն նույնպես իմ ֆուտբոլիստն է, բայց ես նրա գործակալը չեմ:

Ո՞ւմ էր անհրաժեշտ այս ապատեղեկատվությունը:

Հենրիխը եւ նրա երկրպագուները պետք է պատրաստ լինեն, որ ԶԼՄ-ները սխալ բաներ են գրելու, որպեսզի պառակտումներ լինեն: Դա հատուկ էր արված: Հարցազրույցը արել էր մի լրագրող, ով իմ բառերը փոխել էր: Երբ կարդացի այն` ապշեցի եւ կիսվեցի Օլեգ Մկրտչյանի (Դոնեցկի «Մետալուրգի» եւ «Կուբանի» սեփականատեր) հետ, թե որքան բացասական են տրամադրված այս լրագրողները: Այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես նման բան չէի կարող ասել: Ես մտածում եմ, որ Հենրիխով հետաքրքրվելու են շատ ակումբներ: Նա պետք է չմեծամտանա, պետք է շատ աշխատի եւ ցույց տա, թե ինչի է ընդունակ Չեմպիոնների լիգայում: Նա արդեն խփել է երկու գնդակ: Հուսամ` դեռ էլի կխփի: Հենրիխը պետք է տեղափոխվի միայն ամենաառաջատար ակումբ, քանի որ արդեն խաղում է շատ լավ թիմում: Նա այժմ փորձ է ձեռք բերում եւ պատրաստվում ավելի լավ ակումբ տեղափոխվել: Կրկնվեմ` ամենայն հավանականոթյամբ դա կլինի անգլիական ակումբ:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով