Այսօրվա հաղթանակում երկու գործոն կառանձնացնեմ. ընդմիջումը եւ բախտը: Այսօր կարող ենք ասել, որ բախտը մեր կողմից էր: Անդադար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին: Սովորաբար լինում եմ լուրջ եւ հավասարակշռված, բայց խաղից հետո արտասվեցի: Շատ ուրախ եմ բոլոր նրանց համար, ում ուրախացրեցինք:
Այսպես պորտուգալացի մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանեց ռումինական «Ունիվերսիտեատեա Կրայովայի» նկատմամբ տարած հաղթանակը, որի շնորհիվ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում հաղթեց ռումինական թիմին 1:0 հաշվով:
Հետխաղային ասուլիսների սրահում պորտուգալացի մարզիչին դիմավորեցին ծափահարություններով եւ վանկարկումներով:
«Շնորհակալություն եմ հայտնում ինձ այսպես ընդունելու եւ դիմավորելու համար, բայց սա միայն Տուլիպա մարզիչի հաղթանակն ու հաջողություն չի, այլ մի մեծ թիմի, մասնավորապես ֆուտբոլիստների հաջողությունն է: Անդադար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին: Ուզում եմ երկար պահել այս հույզերը եւ փորձել երկար տանել:
Երբ հնչեց հանդիպման ավարտն ազդարարող սուլիչը, շատ հուզված էի: Առաջին անգամ է, որ աշխատում եմ արտասահմանում: Ինձ այստեղ շատ լավ են ընդունել, իմ ընտանիքին՝ նույնպես: Նման պահերին մտածում ես այն բոլոր մարդկանց մասին, որոնց ուրախացրել ես: Ուրախացա այս երկրի համար, իմ թիմի, երկրպագուների համար: Երկրպագուները փայլուն աջակցություն ցուցաբերեցին, շատ բուռն: Նրանց համար նույնպես շատ ուրախացա: Ուրախացա նաեւ իմ ակումբի համար, որը վճարում է ինձ:
Սիրում եմ լինել լուրջ եւ հավասարակշռված, բայց խաղից հետո արտասվեցի: Շատ ուրախ եմ իմ ֆուտբոլիստների համար, քանի որ նրանք ունեն մեծ աշխատասիրություն եւ ձգտում:
Այս հաղթանակը շատ կարեւոր էր ոչ միայն «Արարատ-Արմենիայի» համար, նաեւ հայկական ֆուտբոլի եւ Հայաստանի համար: Երբ ես եկա այս ակումբ, ես իմ թիմին սովորեցրի երազել: Մենք շարունակելու ենք երազել եւ ավելի մեծ նպատակներ դնել մեր առջեւ:
Կարող եմ ասել, որ այսօր մեր լավագույն խաղը չանցկացրինք: Մասնավորապես առաջին խաղակեսը բարդ ստացվեց. ոչ մի կերպ չէինք կարողանում ճնշում գործադրել մրցակցի վրա:
Ընդմիջմանը զրույց ունեցանք, որոշեցինք մի փոքր փոխել խաղի ընթացքը: Մրցակցին ստիպեցինք մի փոքր ավելի շատ դժվարություններ ունենալ:
Այսօրվա հաղթանակում երկու գործոն կառանձնացնեմ. ընդմիջումը եւ բարեբախտությունը: Այսօր կարող ենք ասել, որ բախտը մեր կողմից էր:
Պաշտպանությունից ընդհանուր առմամբ գոհ եմ: Շատ գոհ եմ բոլորի խաղից:
Խաղից առաջ որոշված էր, որ եթե վաստակենք 11-մետրանոց հարվածի իրավունք, իրացնելու է Սանդրո Լիման:
Ֆուտբոլիստներին, իմ թիմին շատ օգնեց երկրպագուների աջակցությունը: Ամբողջ խաղի ընթացքում երկրպագուները վանկարկում էին մեր անունը, ինչը շատ էր օգնում թիմին:
Քանի որ հայտարարել էի՝ եթե հաղթենք, կսափրվեմ, խաղից հետո հանդերձարանում սափրվեցի:
Եվրոպայի լիգայի հիմնական փուլում կուզեմ խաղանք պորտուգալական երկու ակումբների հետ՝ «Բենֆիկայի» եւ «Բրագայի»: Կուզեի իմ թիմը խաղար այս ակումբների հետ, որպեսզի այցելեմ Պորտուգալիա եւ հանդիպեմ ընկերներիս, որոնց վաղուց չեմ տեսել:
Եվրոպա լիգան այս մրցաշրջանում շատ մրցունակ է, շատ ուժեղ թիմեր են մասնակցում: Եկեք չմոռանանք, որ որակավորման փուլերից չորսում տնային խաղերում հաղթել ենք:
Մենք իսկապես մրցունակ թիմ ունենք: Երբեմն հաճելի գլխացավանք եմ ունենում, երբ որոշում եմ թիմի մեկնարկային կազմը: Իմ թիմը համալրված է շատ լավ ֆուտբոլիստներով: Ունենք նաեւ նորեկներ, որոնք նույնպես շատ լավն են: Իմ թիմը մոտիվացվելու խնդիր չունի: Մենք կարողացել ենք այնպես անել, որ ցանկացած հաղթանակից հետո շարունակենք քաղց ունենալ: Այսպիսի հաղթանակներից հետո թիմից որեւէ ֆուտբոլիստ իրեն արքա չի զգում եւ չի հանում ոտքը խաղադաշտից»,- ասաց Մանուել Տուլիպան:
«Արարատ-Արմենիան» հայկական ակումբներից առաջինը դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի