09:17 24 դեկտեմբերի, 2012«Շատերը կարծում են, որ ես մեծ հաջողությունների եմ հասել, բայց ես այդպես չեմ կարծում: Լուրջ հաջողությունները դեռ առջեւում են: Ես փորձում եմ տարբեր ճանապարհներով հասնել դրանց: Ամեն մարդ պետք է սպասի իր հնարավորությանը եւ այն օգտագործի ճիշտ ժամանակին: Հայերը լավ ֆուտբոլիստներ են եւ եթե կարողանան օգտագործել իրենց հնարավորությունները` շատ բաների կհասնեն»:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխ, ավարտվում է 2012 թվականը: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:
Եթե հաշվենք պրոֆեսիոնալ կարիերայիս վերջին 5-6 տարիները, ապա սա լավագույն տարին էր ինձ համար: Բայց կցանկանամ, որ սա լինի վատագույն տարիս: Կուզենամ, որ ավելի լավ տարիներ լինեն: Ցանկությունս է, որ իմ հաջողություններով ուրախացնեմ մեր հայ երկրպագուներին, քանի որ ես ինքս մեծ երջանկություն եմ ապրում` տեսնելով, թե որքան է ուրախանում մեր հայ ժողովուրդը մեր հաղթանակներից ու իմ գոլերից:
Այս տարի դու մի քիչ փոխվել ես: Դարձել ես ավելի փակ: Հարցազրույցներիդ ոճն էլ է փոխվել: Ավելի լակոնիկ ես դարձել:
Ես փակ եմ դարձել կամ տալիս եմ միանման պատասխաններ, երբ ինձ ուղղում են միանման հարցեր: Խոսքը քո մասին չէ, բայց լրագրողների մեծամասնությունը չի կարողանում հետաքրքիր հարցազրույց անցկացնել, կազմել հետաքրքիր հարցեր: Դրա համար էլ ստացվում են ստանդարտ հարցազրույցներ:
Օրինակ` հիշում եմ, որ դու խուսափեցիր նույնիսկ այն հարցից, թե ով է արժանի դառնալ Եվրոպայի առաջնության հաղթող:
Եվրոպայի առաջնությանը ես համակրում էի երեք թիմերի` Իսպանիա, Իտալիա եւ Հոլանդիա: Բայց եզրափակիչում ցանկանում էի, որ հաղթեր Իտալիան, քանի որ ցանկանում էի, որ նորություն գար ֆուտբոլ, հաղթի այն թիմը, որը վաղուց չի հաղթել այդ մրցաշարում:
Շուտով կդառնաս 24 տարեկան: Ի՞նչ է փոխվել քո աշխարհայացքում այս տարվա ընթացքում:
Մեծանալով` կյանքը սկսում ենք յուրովի հասկանալ: Մեր մտածելակերպն էլ է փոխվում: Մարդիկ սկսում են մեր աշխարհը լրիվ այլ ձեւ ընկալել: Նույն գիրքը տարբեր ձեւ ես ընկալում 14, 18, 24 տարեկանում կարդալիս: Նույնն էլ կյանքը: Այն հեքիաթ է, եւ այս հեքիաթն ամեն տարի սկսում ես յուրովի ընկալել:
Քեզ համար կյանքը հեքիա՞թ է:
Կարելի է ասել, որ կյանքը հեքիաթ է, եւ մենք ապրում ենք այնպես, ինչպես այն մեզ թելադրում է, բայց մյուս կողմից կարելի է նաեւ ասել, որ կյանքը պայքար է եւ գոյատեւում են այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց հացի փողը վաստակել: Բացի այդ կյանքը համբերություն է: Օրինակ` խանութում աշխատող վաճառողը պետք է մտածի, որ մի օր կդառնա մենեջեր: Մյուս բնագավառներում էլ է այդպես: Ես ֆուտբոլիստ եմ, եւ ինձ հեշտ է: Սա իմ ուղին է, եւ այստեղ էլ կա միշտ առաջ գնալու ճանապարհ: Մեկ-մեկ մտածում եմ` եթե հանկարծ ես ֆուտբոլիստ չդառնայի` ի՞նչ պետք է անեի:
Դու գիտես, որ հայ երկրպագուները քեզ շատ են սիրում, բայց այս տարի մի քանի անախորժ խոսակցություններ հայտնվեցին, որոնք վերաբերում էին քո եւ երկրպագուների հարաբերություններին: Խոսվում էր, որ Լոնդոնում քեզ մոտեցել են հայ երկրպագուներ եւ խնդրել լուսանկարվել, բայց դու մերժել ես: «Յուվենտուսի» հետ խաղին են քեզ դիմել երկրպագուները, խնդրել միջնորդել տոմսերի հետ կապված հարցերով: Բուլղարիայում նույնպես չես ցանկացել խոսել Սոֆիա ժամանած երկրպագուների հետ:
Այդպիսի բան չի եղել: Անգլիայում ինձ մոտեցել է միայն մեկ հայ երկրպագու, եւ ես նրան խնդրեցի սպասել: Դա խաղից հետո էր, մենք պետք է ընթրեինք ամբողջ թիմով: Դրանից հետո ես գնացել եմ եւ լուսանկարվել նրա հետ: Իսկ ուրիշ մարդիկ չեն մոտեցել եւ անհնար է, որ ինձ մոտենան եւ խնդրեն լուսանկարվել, իսկ ես մերժեմ նրանց:
Բուլղարիայի խաղից հետո շատ խոսակցություններ էին հայտնվել, ես ինքս կարդացել եմ, թե իբր ես ասել եմ, որ «աստղ եք բռնել եւ ցանկանում եք նկարվել», բայց դա եւս բացառվում է: Ես ինքս ինձ երբեք աստղ չեմ անվանի եւ ինձ աստղ չեմ համարում: Չի եղել մի երկրպագու, որ մոտենա ինձ` ես նրան վիրավորեմ կամ անպատվեմ: Նույնիսկ, եթե իմանամ, որ իմ մասին վատ է խոսում: Եթե նա ինձ ճիշտ քննադատի, ես կընդունեմ նրա քննադատությունը, եթե զգամ, որ իմ հասցեին սխալ քննադատություն է հնչում, ես նրանց չեմ ների:
«Յուվենտուսի» խաղից մի ամիս առաջ ինձ դիմել էին օգնել տոմսերի հարցում: Ես նրանց ասել եմ, որ զանգեն «Շախտյոր» ակումբ եւ ճշտեն: Ես չգիտեմ տոմսերի վաճառքի կարգը: Ես գիտեմ, որ ով ունի աբոնեմենտ` նրանց տոմսեր են հատկացնում:
Ի՞սկ որտեղից են ծնվել այդ լուրերը:
Ես չգիտեմ: Ամեն ինչ էլ հնարավոր է: Ցանկացած մարդ կարող է ինչ-որ բան մտածել եւ սադրանքի դիմել: Ինձ շատ մարդիկ են ճանաչում, եւ նրանք բոլորն էլ գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ, որ ինչ-որ մեկին արհամարհեմ կամ կոնֆլիկտի մեջ մտնեմ: Ես շատ բաց մարդ եմ: Ցանկացած մարդու ասածը կարող եմ լսել եւ ընդունել, եթե զգամ, որ դա ինձ օգուտ է, բայց եթե զգամ, որ նա ֆուտբոլից հեռու է` ուղղակի նրա ասածները չեմ ընդունի:
Մամուլն անընդհատ գրում է քո հնարավոր տրանսֆերի մասին: Քեզ վրա ճնշում չի՞ գործադրում քեզ այդքան շատ տրվող հարցը, թե որն է լինելու քո հաջորդ թիմը:
Շատ հաճելի է լսել, որ քեզնով հետաքրքրվում են տարբեր թիմեր: Ես ինքս այդ լուրերին ծանոթանում եմ ինտերնետով: Ես անկեղծ ոչինչից տեղյակ չեմ: Երբ ժամանակը գա եւ երկու թիմերի միջեւ համաձայնություն լինի, այն ժամանակ միայն կարելի կլինի խոսել այդ մասին:
Իտալիայի հավաքականի հետ խաղից առաջ ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքն է զբաղվում քո գործերով: Իսկ դու դրանից հետո հարցազրույցում ասել էիր` «ո՞վ է Սելյուկը»: Ո՞րն է իրականությունը:
Ես այդպես էի ասել, քանի որ ինձ սխալ հարց էին տվել: Ինձ հարցրել էին` արդյոք նա իմ գործակալն է: Ես ասացի ոչ, ես գործակալ չունեմ: Դմիտրի Սելյուկը գործակալ չէ, նա ֆունկցիոներ է, ով կարողանում է պաշտպանել ֆուտբոլիստների շահերը: Ես աշխատում եմ նրա հետ, մենք լավ հարաբերությունների մեջ ենք:
Շատ հաճախ, երբ կարդում եմ օտարերկրացի ֆուտբոլիստների հարցազրույցներ, նրանք առանց կաշկանդվելու պատասխանում են տարբեր հարցերի` ընդդիմության կամ իշխանության հանրահավաքներին մասնակցելու վերաբերյալ, ում են ընտրելու քաղաքական ընտրություններում, ինչն իրենց դուր չի գալիս սեփական երկրում: Մեր ֆուտբոլիստներից շատերի հետ այդ բնույթի հարցազրույց անցկացնել գրեթե անհնար է: Ինչո՞ւ է այդպես:
Տվեք նման հարցեր, ես կպատասխանեմ: Եթե ինձ տան հարցեր, որոնց մասին ես իրազեկ եմ, ապա կպատասխանեմ: Վերը նշված հարցերի մասին կարող եմ ասել, որ ժամանակին գնացել եմ տարբեր հանրահավաքների զուտ հետաքրքրության համար` տեսնելու, թե ինչ է կատարվում: Նախագահական ընտրություններին ես այստեղ չեմ լինի եւ կարծում եմ` այդ մեկ ձայնը ոչինչ չի փոխի:
Քո մասին խոսելիս, միշտ առանձնացնում են քո մտավոր զարգացածությունը: Տիրապետում ես հինգ լեզուների: Այսօրվա խիտ գրաֆիկով հասցնո՞ւմ ես նոր բաներ սովորել, կարդալ:
Ես ընդունվել եմ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղ: Վերջերս գնացի այնտեղ, վերցրեցի անհրաժեշտ բոլոր գրքերը: Նոր լեզուներ սովորելու համար պետք է խոսես այն մարդկանց հետ, ովքեր խոսում են այդ լեզվով: Ինչքան էլ լեզուն սովորես, առանց հաղորդակցման դժվար է գիտելիքները պահել:
Մեր ազգային հավաքականի խաղացողներից շատերը, այդ թվում քեզնից կրտսերներն արդեն հասցրել են ամուսնանալ: Շատերը` հատկապես արտասահմանում, գտնում են, որ պետք է կարիերայում հասնել բարձրունքների, նոր հետո ամուսնանալ, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Ի՞նչ ես կարծում, քեզ ամուսնությունը չի՞ խանգարի կարիերայիդ հարցում:
Կարելի է համատեղել մեկը մյուսի հետ: Ամուսնացածներին ցանկանում եմ երջանկություն եւ ոչ թե մեկ, երկու, այլ ավելի շատ երեխաներ, բայց ամենից կարեւորը, որ կարողանան այդ երախաներին պահել: Կարծում եմ` ինձ էլ չի խանգարի: Ընտանիքն ունի իր տեղը, ֆուտբոլը` իր:
Ո՞վ է «Շախտյորում» քո ամենամոտ ընկերը: Լուսանկարներում միշտ Սռնայի կողքին ես:
Դա լուսանկարներում է այդպես: Իրականում բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ:
«Շախտյորը» տարբեր ազգությունների ֆուտբոլիստներով համալրված թիմ է: Հայ ֆուտբոլիստին ովքե՞ր են ավելի հոգեհարազատ:
Ուկրաինացիները:
Կարելի է ասել, որ դու հայաստանցի միակ ֆուտբոլիստն ես, ով վերջին տարիներին մեծ հաջողությունների հասավ դրսում: Քեզնից առաջ էլ էին գնում «Մետալուրգ», հետո էլ հավանաբար շատեը կգնան այլ ակումբներ, բայց դեռ միայն քեզ է հաջողվել հասնել այդ հաջողություններին: Ի՞նչ ունես դու, որ մյուսները չունեն:
Շատերն են կարծում, որ ես մեծ հաջողությունների եմ հասել, բայց ես այդպես չեմ կարծում: Լուրջ հաջողությունները դեռ առջեւում են: Ես փորձում եմ տարբեր ճանապարհներով հասնել դրանց: Ամեն մարդ պետք է սպասի իր հնարավորությանը եւ այն օգտագործի ճիշտ ժամանակին: Հայերը լավ ֆուտբոլիստներ են եւ եթե կարողանան օգտագործել իրենց հնարավորությունները` շատ բաների կհասնեն:
2013 թվականի քո ամենամեծ երազանքը:
Շատ կցանկանամ, որ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ տարի շատ հաղթանակներ տանի, իսկ «Շախտյորը» առնվազն հայտնվի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Մենք ունենք այդ պոտենցիալը եւ կարծում եմ` ամեն ինչ հնարավոր է:
Այս տարվա ամենատպավորված պահը:
Իտալիայի հավաքականին խփած գոլս:
Վերջերս ընթերցած ամենահետաքրքիր գիրքը:
Վերջերս սկսեցի կարդալ «Վանականը, ով վաճառեց իր Ֆերարին» գիրքը, բայց այս տարի չեմ հասցնի այն ավարտել: Մնաց եկող տարի:
Ո՞ւմ կտայիր «Ոսկե գնդակը»:
Այս տարի ամենաարժանին Ինյեստան է:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.