21:10  ,  15 դեկտեմբերի, 2012

Ուլի Վեգներ. Արթուր Աբրահամի փորձը թույլ կտա հեշտ հաղթանակ տանել

Մեհդի Բուադլան մինչեւ վերջ կպայքարի հաղթանակի համար, սակայն Արթուր Աբրահամը հեշտ հաղթանակ կտանի փորձի հաշվին, հայտարարել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: Գերմանացի մասնագետն անդրադարձել է Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտին:

«Իհարկե, Ռոբերտ Շտիգլիցի հետ հիանալի մենամարտից հետո Աբրահամի երկրպագուները սպասում են, որ նա ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերի: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է հասնել այդպիսի արդյունքի: Լրջորեն ենք վերաբերվում մրցակցին: Նա մինչեւ վերջ կպայքարի հաղթանակի համար: Սակայն վստահ եմ, որ Աբրահամի փորձը թույլ կտա նրան հեշտ հաղթանակ տանել:

Ինչ վերաբերվում է Շտիգլիցի հետ պատասխան մենամարտին, ապա մենք պատրաստ ենք ռեւանշի: Դա նրա իրավունք է: Սակայն Շտիգլիցը խնդիրներ կունենա. դա խոստանում եմ ձեզ: Սկզբում ասում էին, որ Աբրահամը նրան կարող է հաղթել միայն նոկաուտով, այդ իսկ պատճառով ես պնդեցի, որ Արթուրը մենամարտն ավարտին հասցնի: Շտիգլիցը մարտիկ է, հիանալի մարզիկ: Նա միշտ պայքարում է մինչեւ վերջին վայրկյանը: Սակայն Արթուրն ավելի լավն էր»,- Վեգների խոսքը փոխանցում է Sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցից խլած WBO վարկածով չեմպիոնական գոտին կպաշտպանի առաջին անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում