17:49  ,  14 դեկտեմբերի, 2012

Արթուր Աբրահամ. Միշտ պատրաստ եմ ռեւանշի

Ինձ համար նշանակություն չունի, թե ում հետ եմ մենամարտելու, հայտարարել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: 32-ամյա բռնցքամարտիկն անդրադարձել է ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ մենամարտին:

«Աշխատում եմ, որպեսզի հաղթեմ դեկտեմբերի 15-ին: Հեշտությամբ ոչինչ չի տրվում: Բուադլան մարտիկ է: Միշտ շարժվում է առաջ եւ ցանկանում է մենամարտն ավարտել մեկ հարվածով: Եթե նույնիսկ մեկ հարված բաց թողնեմ, ապա շատ դժվար կլինի ինձ համար, այդ իսկ պատճառով պետք է զգուշանամ նրանից: Ես պետք է չսխալվեմ եւ, օգտվելով մրցակցի սխալներից, պատժեմ նրան: Կան շատ բռնցքամարտիկներ, որոնք աշխատում են մեկ՝ եզրափակիչ հարվածի վրա: Ինչ կարող ես ասել այդ բռնցքամարտիկներին, որոնք կարող են օգտվել մեկ հնարավությունից եւ հասնել հաջողության: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ շանս ունի: Մեկ հարված եւ ամեն ինչ ավարտված է: Բռնցքամարտիկը պետք է շատ զգույշ լինի: Կարեւոր չէ, թե ինչ տիտղոս ունի մրցակիցը, բոլորի հետ պետք է զգույշ գործել: Ես հաճախ եմ պաշտպանվում, բայց դա չի նշանակում՝ չեմ հարձակվում: Իմ մարտավարությունն է՝ նախ պաշտպանվել, հետո անցնել հարձակման:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, ապա ես պատրաստ եմ ռեւանշի: Միշտ պատրաստ եմ մենամարտել: Մրցակիցներ ընտրելու հարցով զբաղվում է իմ մենեջերը: Ինձ համար նշանակություն չունի, թե ում հետ եմ մենամարտելու»,- Աբրահամի խոսքը փոխանցում է sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցից խլած WBO վարկածով չեմպիոնական գոտին կպաշտպանի առաջին անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում