20:29  ,  23 մարտի, 2012

Միայն Ճապոնիայում մենամարտելու պայմանով է Յամանական համաձայնել մրցել Վիկի հետ. հարցազրույց

Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջինն է դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն գերթեթեւ քաշային կարգում: Սակայն հայ մարզիկը դեռեւս չի հագեցրել տիտղոսներ նվաճելու ծարավը: Ապրիլի 6-ին Դարչինյանը հերթական մենամարտն է անցկացնելու աշխարհի չեմպիոնի գոտու համար: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում «կատաղի ցուլը» վիճարկելու է WBC վարկածով չեմպիոնի տիտղոսը ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանի հետ:

Պարոն Բադալյան,  ինչպե՞ս են ընթանում Վախթանգի մարզումները:

Ինչպես գիտեք Վախթանգը նախապատրաստվում է Ավստրալիայում: Նա միշտ էլ ամենայն լրջությամբ է վերաբերվել իր յուրաքանչյուր մրցակցին  ու պատրաստվել բոլոր մենամարտերին ծանրաբեռնված մարզումներով: Այս մենամարտը այդ առումով բացառություն չէ: Հիմա արդեն սպարինգների ժամանակն է գալիս, ու Վախթանգը աշխատելու է  ռինգում իր գործողություններին էլ ավելի արագություն հաղորդելու վրա: Նախորդ մենամարտից հետո Վիկը պարանոցի եւ դաստակի թեթեւ վնասվածքներ ուներ, հիմա ամեն ինչ կարգին է, եւ նա լիարժեք շարունակում  է մարզվել:

Ճապոնիայում մենամարտել ճապոնացու դեմ այնքան էլ հեշտ չի լինի: Ինչո՞ւ է մենամարտը անցկացվելու Տոկիոյում:

Համաձայն եմ, որ հեշտ չի լինի, բայց Վախթանգի համար դա նշանակություն չունի: Վիկը, եթե հիշում եք, Ֆիլիպիններում մրցեց Զեդ Գորեսի հետ ու հաղթեց նրան, թեեւ մրցավարները ոչ-ոքի արձանագրեցին: Վախթանգը մեծ փորձ ունի ու նպատակաուղղված է հաղթանակի հասնելուն: Իսկ  Ճապոնիայում է մենամարտը անցկացվելու, քանի որ միայն այդ պայմանի դեպքում Յամանական համաձայն էր մրցել Վիկի հետ: Վախթանգն էլ համաձայնվեց, որպեսզի մրցակցի հարկի տակ ցույց տա իր վարպետությունը:

Իսկ արդյոք Ճապոնիայում էլ մրցավարները չեն կարո՞ղ «սխալվել»:

Դե գիտեք բռնցքամարտում վիճարկելի որոշումներ շատ հաճախ են պատահում, դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Միակ իրավիճակը, որում մրցավարները ոչինչ չեն կարող անել, դա, իհարկե, նոկաուտն է: Իսկ մենք գիտենք, որ Վախթանգը նման հարվածի տիրապետում է: Մյուս կողմից էլ, եթե մենամարտը տեւի նախատեսված 12 ռաունդ, այդ դեպքում հարկավոր է ընդգծված առավելություն ունենալ յուրաքանչյուրում, կամ ավելի շատ ռաունդներում քան մրցակիցը:

Ինչպե՞ս կբնութագրեք մրցակցին եւ ձեր կարծիքով ինչպիսի՞ մենամարտ կարող է ընթանալ:

Յամանական խաղակցական ոճի բռնցքամարտիկ է եւ սիրում է արագ տեղաշարժեր կատարել ռինգում: Նշեմ, որ նա ինչպես եւ Վախթանգը ձախլիկ է, հետեւաբար այս առումով էլ կողմերը հավասար պայմաններում են: Մեր բռնցքամարտի օգտին են խոսում տիտղոսային մենամարտերի անցկացման մեծ փորձը, իսկ Յամանական նման բարձր կարգի մենամարտի մասնակցել է մեկ անգամ` նվաճելով WBC վարկածով չեմպիոնական տիտղոսը: Յամանական, կարծում եմ, Վիկի հետ մենամարտում խուսափելու է մոտ տարածության մարտից` շատ լավ իմանալով մեր բռնցքամարտիկի հարվածների մասին: Իմ կարծիքով Ճապոնացին ձգտելու է միջին տարածությունից արագության շնորհիվ արդյունքի հասնել, բայց Վախթանգն էլ ինչպես միշտ կարող է զրկել մրցակցին նման հնարավորությունից իր հարվածային տեխնիկայով: Միանշանակ ասել, թե ինչպես կընթանա մենամարտը դժվար է: Ճապոնացուն, իհարկե, «օգնելու» են երկրպագուները,  բայց միշտ չէ, որ դա վճռորոշ դեր է խաղում մենապայքարային մարզաձեւերում: Հուսով եմ` Վախթանգը կապացուցի իր բարձր կարգը եւ նոր հաղաթանակով նոր տիտղոս կնվաճի:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով