20:29 23 մարտի, 2012Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջինն է դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն գերթեթեւ քաշային կարգում: Սակայն հայ մարզիկը դեռեւս չի հագեցրել տիտղոսներ նվաճելու ծարավը: Ապրիլի 6-ին Դարչինյանը հերթական մենամարտն է անցկացնելու աշխարհի չեմպիոնի գոտու համար: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում «կատաղի ցուլը» վիճարկելու է WBC վարկածով չեմպիոնի տիտղոսը ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանի հետ:
Պարոն Բադալյան, ինչպե՞ս են ընթանում Վախթանգի մարզումները:
Ինչպես գիտեք Վախթանգը նախապատրաստվում է Ավստրալիայում: Նա միշտ էլ ամենայն լրջությամբ է վերաբերվել իր յուրաքանչյուր մրցակցին ու պատրաստվել բոլոր մենամարտերին ծանրաբեռնված մարզումներով: Այս մենամարտը այդ առումով բացառություն չէ: Հիմա արդեն սպարինգների ժամանակն է գալիս, ու Վախթանգը աշխատելու է ռինգում իր գործողություններին էլ ավելի արագություն հաղորդելու վրա: Նախորդ մենամարտից հետո Վիկը պարանոցի եւ դաստակի թեթեւ վնասվածքներ ուներ, հիմա ամեն ինչ կարգին է, եւ նա լիարժեք շարունակում է մարզվել:
Ճապոնիայում մենամարտել ճապոնացու դեմ այնքան էլ հեշտ չի լինի: Ինչո՞ւ է մենամարտը անցկացվելու Տոկիոյում:
Համաձայն եմ, որ հեշտ չի լինի, բայց Վախթանգի համար դա նշանակություն չունի: Վիկը, եթե հիշում եք, Ֆիլիպիններում մրցեց Զեդ Գորեսի հետ ու հաղթեց նրան, թեեւ մրցավարները ոչ-ոքի արձանագրեցին: Վախթանգը մեծ փորձ ունի ու նպատակաուղղված է հաղթանակի հասնելուն: Իսկ Ճապոնիայում է մենամարտը անցկացվելու, քանի որ միայն այդ պայմանի դեպքում Յամանական համաձայն էր մրցել Վիկի հետ: Վախթանգն էլ համաձայնվեց, որպեսզի մրցակցի հարկի տակ ցույց տա իր վարպետությունը:
Իսկ արդյոք Ճապոնիայում էլ մրցավարները չեն կարո՞ղ «սխալվել»:
Դե գիտեք բռնցքամարտում վիճարկելի որոշումներ շատ հաճախ են պատահում, դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Միակ իրավիճակը, որում մրցավարները ոչինչ չեն կարող անել, դա, իհարկե, նոկաուտն է: Իսկ մենք գիտենք, որ Վախթանգը նման հարվածի տիրապետում է: Մյուս կողմից էլ, եթե մենամարտը տեւի նախատեսված 12 ռաունդ, այդ դեպքում հարկավոր է ընդգծված առավելություն ունենալ յուրաքանչյուրում, կամ ավելի շատ ռաունդներում քան մրցակիցը:
Ինչպե՞ս կբնութագրեք մրցակցին եւ ձեր կարծիքով ինչպիսի՞ մենամարտ կարող է ընթանալ:
Յամանական խաղակցական ոճի բռնցքամարտիկ է եւ սիրում է արագ տեղաշարժեր կատարել ռինգում: Նշեմ, որ նա ինչպես եւ Վախթանգը ձախլիկ է, հետեւաբար այս առումով էլ կողմերը հավասար պայմաններում են: Մեր բռնցքամարտի օգտին են խոսում տիտղոսային մենամարտերի անցկացման մեծ փորձը, իսկ Յամանական նման բարձր կարգի մենամարտի մասնակցել է մեկ անգամ` նվաճելով WBC վարկածով չեմպիոնական տիտղոսը: Յամանական, կարծում եմ, Վիկի հետ մենամարտում խուսափելու է մոտ տարածության մարտից` շատ լավ իմանալով մեր բռնցքամարտիկի հարվածների մասին: Իմ կարծիքով Ճապոնացին ձգտելու է միջին տարածությունից արագության շնորհիվ արդյունքի հասնել, բայց Վախթանգն էլ ինչպես միշտ կարող է զրկել մրցակցին նման հնարավորությունից իր հարվածային տեխնիկայով: Միանշանակ ասել, թե ինչպես կընթանա մենամարտը դժվար է: Ճապոնացուն, իհարկե, «օգնելու» են երկրպագուները, բայց միշտ չէ, որ դա վճռորոշ դեր է խաղում մենապայքարային մարզաձեւերում: Հուսով եմ` Վախթանգը կապացուցի իր բարձր կարգը եւ նոր հաղաթանակով նոր տիտղոս կնվաճի:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.