13:13  ,  27 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Ռաֆայել Հովհաննիսյանի երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։ Եվրոպայի փոխչեմպիոնը 5:0 հաշվով ուժեղ էր լատվիացի Ռոբերտս Լիորանկասից։

Նախորդ օրը 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը երկրորդ շրջանում պայքարից դուրս էր թողել Հյուսիսային Կորեան ներկայացնող Իլ Հյոկ Կիմին։

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտվել էր եւ դուրս մնացել օլիմպիական ուղեգրի համար պայքարից։

Ավելի վաղ հաղթանակով էին մեկնարկել 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Մայիսի 28-ին օլիմպիական ուղեգրերի համար պայքարը կսկսի կանանց Հայաստանի հավաքականը: Առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Եկատերինա Սիչեւան: Մեկնարկային 1/16 եզրափակիչում Սիչեւայի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Սառա Սվինսոնը:

Մայիսի 29-ին Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից ռինգում կլինեն Դավիթ Չալոյանը (+92 կգ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Մեկնարկային 1/16 եզրափակիչում Չալոյանը ուժերը կչափի Բահրեյնը ներկայացնող Դենիս Լատիպովի հետ: Չալոյանը ռինգ դուրս կգա ցերեկային մրցահերթում:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, որը կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Նիգերիայի ներկայացուցիչ Բլեսինգ Օրայկվեն է: 

Մայիսի 30-ին ցերեկային մրցահերթում պայքարը կսկսի Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ): Մեկնարկային 1/16-րդ եզրափակիչում Մանասյանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բոբան Իլիոսկինի հետ:

Մայիսի 31-ին ռինգ դուրս կգա Անուշ Գրիգորյանը (50 կգ): Մեկնարկային 1/16 եզրափակիչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը կլինի Իռլանդիայի ներկայացուցիչ Դանիա Մուրհաուսը: Գրիգորյանը կմասնակցի ցերեկային մրցահերթում:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին:

Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում