18:11  ,  26 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Գուրգեն Մադոյանը երկրորդ հաղթանակը տարավ, Նարեկ Հովհաննիսյանը դուրս մնաց պայքարից

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը պայքարից դուրս թողեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Իլ Հյոկ Կիմին։

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտվեց եւ դուրս մնաց օլիմպիական ուղեգրի համար պայքարից։

Մայիսի 25-ին հաղթանակ էի տարել Եվրոպայի փոխչեմպիոն, 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։

Մայիսի 24-ին որակավորման փուլում հաղթանակ էին տարել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Հայաստանը վարկանիշային մրցաշարին մասնակցում է 10 բռնցքամարտիկով՝ 7 տղամարդ, 3 կին: Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ վերջին վարկանիշային մրցաշարին մասնակցում են Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ),

կանանցից՝ Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Մայիսի 28-ին օլիմպիական ուղեգրերի համար պայքարը կսկսի կանանց Հայաստանի հավաքականը: Առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Եկատերինա Սիչեւան: Մեկնարկային 1/16 եզրափակիչում Սիչեւայի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Սառա Սվինսոնը:

Մայիսի 29-ին Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից ռինգում կլինեն Դավիթ Չալոյանը (+92 կգ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Մեկնարկային 1/16 եզրափակիչում Չալոյանը ուժերը կչափի Բահրեյնը ներկայացնող Դենիս Լատիպովի հետ: Չալոյանը ռինգ դուրս կգա ցերեկային մրցահերթում:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, որը կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Նիգերիայի ներկայացուցիչ Բլեսինգ Օրայկվեն է: 

Մայիսի 30-ին ցերեկային մրցահերթում պայքարը կսկսի Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ): Մեկնարկային 1/16-րդ եզրափակիչում Մանասյանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բոբան Իլիոսկինի հետ:

Մայիսի 31-ին ռինգ դուրս կգա Անուշ Գրիգորյանը (50 կգ): Մեկնարկային 1/16 եզրափակիչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը կլինի Իռլանդիայի ներկայացուցիչ Դանիա Մուրհաուսը: Գրիգորյանը կմասնակցի ցերեկային մրցահերթում:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կկավարտվի հունիսի 3-ին:

Ֆոտո՝ ՀԲՖ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում