13:44  ,  24 մայիսի, 2024

Կեյլոր Նավասն ավարտեց կարիերան հավաքականում եւ չի մասնակցի Ամերիկայի գավաթին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Կոստա Ռիկայի հավաքականի 37-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասը հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։ Նա չի մասնակցի Ամերիկայի գավաթին, որն անցկացվելու է հունիսի 20-ից հուլիսի 14-ը ԱՄՆ-ում։

«Հեռանում եմ հավաքականից երախտիքով լի սրտով եւ ապագային նայող աչքերով։ Միշտ իմ հոգում եւ սրտում կկրեմ մեր սիրելի Կոստա Ռիկայի անունը»,- նշել է Կեյլոր Նավասը սոցիալական ցանցերում։

Կեյլորն Նավասը Կոստա Ռիկայի հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականին, անցկացրել է 114 հանդիպում, մասնակցել է երեք աշխարհի առաջնությունների։

Նավասը 2019 թվականից խաղում է ՊՍԺ-ում, որի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսին։ Նա արդեն հայտարարել է փարիզյան ակումբից հեռանալու մասին։ Ավարտվող մրցաշրջանը Կեյլոր Նավասը վարձակալությամբ անցկացրել է անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում