14:03  ,  23 մայիսի, 2024

Գասպերինի․ Անպարտելի թիմեր չկան, մենք «Բայերից» ուժեղ էինք

Իտալական «Ատալանտայի» իտալացի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է հաղթանակը Եվրոպայի լիգայում։

«Ատալանտան» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանի հեթ-տրիկի շնորհիվ Դուբլինում տեղի ունեցած եզրափակիչում 3:0 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերին»։

«Խնդիրն այն չէ, որ մենք հաղթեցինք, այլ այն՝ թե ինչպես մենք հաղթեցին։ Եվրոպայի լիգայում մենք պարտության մատնեցինք «Լիվերպուլին» այն ժամանակ, երբ նրանք Պրեմիեր լիգայի առաջին տեղում էին, մենք հաղթեցինք «Սպորտինգին», որը հավասարը չուներ Պորտուգալիայում, հիմա էլ «Բայերին», որը գերիշխեց Բունդեսլիգայում։ Մենք շատ հպարտ ենք։

Անպարտելի թիմեր չկան։ Մենք արժանիորեն նվաճեցինք գավաթը, մենք մրցակցից ուժեղ էինք»,- Գասպերինիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

«Ատալանտան» առաջին տիտղոսը նվաճեց եվրագավաթային մրցաշարերում։

«Բայերն» առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում։ Ավարտվեց «Բայերի» ռեկորդային անպարտելի շարքը՝ 51 անընդմեջ հանդիպում։

Մայիսի 25-ին «Բայերը» Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում