«Վեստ Արմենիան» կմասնակցի Հայաստանի Պրեմիեր լիգային: Առաջին խմբում հաղթելուց հետո նույն ոգով կնախապատրաստվենք Բարձրագույն խմբին եւ կձգտենք այդտեղ էլ գրանցել բարձր արդյունք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող «Վեստ Արմենիա» ակումբի տնօրեն Վլադիմիր Ամիրխանյանը:
Նախավերջին տուրում «Վեստ Արմենիան» 2:2 հաշվով է խաղացել «Գանձասարի» հետ եւ 32 խաղից հետո 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Մրցաշրջանի մեկնարկում հաղթելու նպատակ ունեինք եւ ամեն ինչ արեցինք, որ Առաջին խմբում առաջին տեղը զբաղեցնենք:
Հետաքրքիր ու լարված պայքար ստացվեց: «Գանձասարն» էլ էր պայքարում առաջին տեղի համար: Հետո արդեն ԲԿՄԱ-2-ը միացավ առաջին տեղի պայքարին, մինչ այդ «Արարատ-2»-ն էր: Փուլ առ փուլ ավելանում էր պայքարը: Հետաքրքիր առաջնություն ստացվեց: Ամեն դեպքում՝ հաղթում է լավագույնը:
Անցկացրինք 32 խաղ, 11 թիմերի մեջ հաղթող ճանաչվեցինք 74 միավորով: Ընթացքում հայտնի պատճառներով առաջնությունը լքեց «Լեռնային Արցախ-2» թիմը: Մեզ համար ամենաբարդ տուրը ստացվեց երկրորդ մրցափուլը: Գնացինք Կապան, առաջին խաղը «Գանձասարի» հետ էր, անմիջապես հաջորդ խաղը «Սյունիքի» հետ էր: Բարդ էր այնքանով, որ քաղաք փոխեցինք, 400 կմ ճանապարհ անցանք եւ դժվար էր վերականգնվելը, չնայած, որ մեկ օր շուտ էինք գնացել: Լարված խաղ ստացվեց «Գանձասարի» հետ, «Սյունիքի» հետ էլ էր բարդ: Նաեւ կառանձնացնեմ ԲԿՄԱ-2-ի հետ խաղերը, որոնք շատ հետաքրքիր անցան»,- ասաց Վլադիմիր Ամիրխանյանը:
«Վեստ Արմենիան» Առաջին խմբի հաղթող դառնալով նաեւ նվաճել է Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր եւ առաջին անգամ մասնակցելու է Պրեմիեր լիգային:
«Նվաճեցինք Պրեմիեր լիգայի ուղեգիր: Մինչեւ չեմպիոնությունն արդեն ՀՖՖ-ի կողմից ստացել էինք արտոնագիր: Որոշումը կայացրել ենք, կմասնակցենք Պրեմիեր լիգային: Նախատեսում ենք շուտ սկսել նախապատրաստական փուլը: Մյուս թիմերից շուտ կհավաքվենք: Հասկանում ենք, որ սկզբում դժվար է լինելու: Առաջին տարին ենք մասնակցելու Պրեմիեր լիգային: Ուզում ենք շուտ հավաքվել, հասկանալ, թե ինչպես պետք է կատարենք ֆուտբոլիստների ընտրությունը: Այս ամենը շուտ պետք է անենք, կազմը որոշենք. ֆուտբոլիստների հետ կապված սխալվելու իրավունք չունենք:
Այս պահին չենք կարող կանխատեսել, թե ինչ պայքար է մեզ սպասվելու Բարձրագույն խմբում: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների ընտրությունից: Թիմում կլինեն փոփոխություններ»,- նշեց ակումբի տնօրենը:
Վլադիմիր Ամիրխանյանի խոսքով ֆուտբոլային ակումբը հիմնադրման տարիներից մեծ դժվարությունների միջով է անցել:
««Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբ ստեղծելու մտահաղացումը ծնվել է 2019 թվականին: Որոշեցինք Արեւմտյան Հայաստանի գաղափարով ակումբ հիմնել: «Վեստ Արմենիա» անվանեցինք, քանի որ ակումբի նախագահի ընտանիքը Արեւմտյան Հայաստանից է եղել: Նա ցանկություն հայտնեց, որ ակումբը կոչվի «Վեստով»:
Առաջին մրցաշրջանում մասնակցեցինք Առաջին խմբի առաջնությանը, ապա կորոնավիրուսի համավարակից հետո ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք մասնակցել: Եթե թիմ ես պահում, պետք է նորմալ պահես: Եթե չես կարողանալու մինչեւ վերջ տանել, ավելի լավ է չպահել: Ստիպված եղանք հայտարարել ակումբի գործունեության դադարեցման մասին: Այս ընթացքում մանկապատենական թիմերը պահեցինք, իսկ Առաջին խմբում հնարավոր չէր մասնակցել ֆինանսական ծախսերի պատճառով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ընդգրկվելը բարդ ստացվեց: Ոչինչ հեշտ չի տրվում: Բարդությունների միջով անցանք, չհուսահատվեցինք, չընկճվեցինք: Այս նույն ոգով շարունակելու եւ ձգտելու ենք բարձր արդյունքի հասնել նաեւ Պրեմիեր լիգայում»,- մանրամասնեց Վլադիմիր Ամիրխանյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 23 նոյեմբերի
17:41 , 23 նոյեմբերի
17:05 , 23 նոյեմբերի
16:06 , 23 նոյեմբերի
15:04 , 23 նոյեմբերի
14:22 , 23 նոյեմբերի
13:12 , 23 նոյեմբերի 
12:38 , 23 նոյեմբերի 
12:07 , 23 նոյեմբերի
11:43 , 23 նոյեմբերի