11:02 25 մայիսի, 2023«Վեստ Արմենիան» կմասնակցի Հայաստանի Պրեմիեր լիգային: Առաջին խմբում հաղթելուց հետո նույն ոգով կնախապատրաստվենք Բարձրագույն խմբին եւ կձգտենք այդտեղ էլ գրանցել բարձր արդյունք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող «Վեստ Արմենիա» ակումբի տնօրեն Վլադիմիր Ամիրխանյանը:
Նախավերջին տուրում «Վեստ Արմենիան» 2:2 հաշվով է խաղացել «Գանձասարի» հետ եւ 32 խաղից հետո 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Մրցաշրջանի մեկնարկում հաղթելու նպատակ ունեինք եւ ամեն ինչ արեցինք, որ Առաջին խմբում առաջին տեղը զբաղեցնենք:
Հետաքրքիր ու լարված պայքար ստացվեց: «Գանձասարն» էլ էր պայքարում առաջին տեղի համար: Հետո արդեն ԲԿՄԱ-2-ը միացավ առաջին տեղի պայքարին, մինչ այդ «Արարատ-2»-ն էր: Փուլ առ փուլ ավելանում էր պայքարը: Հետաքրքիր առաջնություն ստացվեց: Ամեն դեպքում՝ հաղթում է լավագույնը:
Անցկացրինք 32 խաղ, 11 թիմերի մեջ հաղթող ճանաչվեցինք 74 միավորով: Ընթացքում հայտնի պատճառներով առաջնությունը լքեց «Լեռնային Արցախ-2» թիմը: Մեզ համար ամենաբարդ տուրը ստացվեց երկրորդ մրցափուլը: Գնացինք Կապան, առաջին խաղը «Գանձասարի» հետ էր, անմիջապես հաջորդ խաղը «Սյունիքի» հետ էր: Բարդ էր այնքանով, որ քաղաք փոխեցինք, 400 կմ ճանապարհ անցանք եւ դժվար էր վերականգնվելը, չնայած, որ մեկ օր շուտ էինք գնացել: Լարված խաղ ստացվեց «Գանձասարի» հետ, «Սյունիքի» հետ էլ էր բարդ: Նաեւ կառանձնացնեմ ԲԿՄԱ-2-ի հետ խաղերը, որոնք շատ հետաքրքիր անցան»,- ասաց Վլադիմիր Ամիրխանյանը:
«Վեստ Արմենիան» Առաջին խմբի հաղթող դառնալով նաեւ նվաճել է Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր եւ առաջին անգամ մասնակցելու է Պրեմիեր լիգային:
«Նվաճեցինք Պրեմիեր լիգայի ուղեգիր: Մինչեւ չեմպիոնությունն արդեն ՀՖՖ-ի կողմից ստացել էինք արտոնագիր: Որոշումը կայացրել ենք, կմասնակցենք Պրեմիեր լիգային: Նախատեսում ենք շուտ սկսել նախապատրաստական փուլը: Մյուս թիմերից շուտ կհավաքվենք: Հասկանում ենք, որ սկզբում դժվար է լինելու: Առաջին տարին ենք մասնակցելու Պրեմիեր լիգային: Ուզում ենք շուտ հավաքվել, հասկանալ, թե ինչպես պետք է կատարենք ֆուտբոլիստների ընտրությունը: Այս ամենը շուտ պետք է անենք, կազմը որոշենք. ֆուտբոլիստների հետ կապված սխալվելու իրավունք չունենք:
Այս պահին չենք կարող կանխատեսել, թե ինչ պայքար է մեզ սպասվելու Բարձրագույն խմբում: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների ընտրությունից: Թիմում կլինեն փոփոխություններ»,- նշեց ակումբի տնօրենը:
Վլադիմիր Ամիրխանյանի խոսքով ֆուտբոլային ակումբը հիմնադրման տարիներից մեծ դժվարությունների միջով է անցել:
««Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբ ստեղծելու մտահաղացումը ծնվել է 2019 թվականին: Որոշեցինք Արեւմտյան Հայաստանի գաղափարով ակումբ հիմնել: «Վեստ Արմենիա» անվանեցինք, քանի որ ակումբի նախագահի ընտանիքը Արեւմտյան Հայաստանից է եղել: Նա ցանկություն հայտնեց, որ ակումբը կոչվի «Վեստով»:
Առաջին մրցաշրջանում մասնակցեցինք Առաջին խմբի առաջնությանը, ապա կորոնավիրուսի համավարակից հետո ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք մասնակցել: Եթե թիմ ես պահում, պետք է նորմալ պահես: Եթե չես կարողանալու մինչեւ վերջ տանել, ավելի լավ է չպահել: Ստիպված եղանք հայտարարել ակումբի գործունեության դադարեցման մասին: Այս ընթացքում մանկապատենական թիմերը պահեցինք, իսկ Առաջին խմբում հնարավոր չէր մասնակցել ֆինանսական ծախսերի պատճառով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ընդգրկվելը բարդ ստացվեց: Ոչինչ հեշտ չի տրվում: Բարդությունների միջով անցանք, չհուսահատվեցինք, չընկճվեցինք: Այս նույն ոգով շարունակելու եւ ձգտելու ենք բարձր արդյունքի հասնել նաեւ Պրեմիեր լիգայում»,- մանրամասնեց Վլադիմիր Ամիրխանյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.