15:10  ,  24 հոկտեմբերի, 2022

Սոնա Հարությունյան․ Մենք հրաշալի թիմ ունենք, աղջիկները շատ լավն են, մարզիչները հոգատար են

Այս անգամ ոսկե մեդալ նվաճել չստացվեց, բայց բրոնզե մեդալի համար եւս շատ ուրախ եմ: Առաջինը ապահովեցի մեդալ: Մեր թիմի, բոլորիս ուրախությունն ու երջանկությունն ինձ համար ամեն ինչ արժեր:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը:

Նախորդ գիշեր Հարությունյանը Հայաստանի թիմի եւ Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանի հետ Բուդվայից վերադարձել է հայրենիք:

«Գնացել էի ոսկու հետեւից: Այս անգամ չստացվեց, հաջող անգամ կփորձեմ ավելի լավ հանդես գալ, ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալով վերադառնամ: Ստացվեց այնպես, որ իմ կիսաեզրափակիչ դուրս գալով` ես բացեցի Հայաստանի մեդալների շարքը եւ որ մեր երկիրն առաջին անգամ է մեդալակիր ունենում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Այդ ուրախությունն ու երջանկությունն ինձ համար ամեն ինչ արժեին, երբ դարձա բրոնզե մեդալակիր: Շատ ուրախ եմ հիմա, նաեւ մի փոքր լարված:

Մենք հրաշալի թիմ ունենք, աղջիկները շատ լավն են, մարզիչները հոգատար: Մեկս մյուսիս օգնում էինք, գոտեպդնում մրցավայրում: Այս միասնության շնորհիվ կարողացանք լավ հանդես գալ»,- ասաց Սոնա Հարությունյանը:

Բուդվայում տեղի ունեցած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հայ մարզուհին մրցել էր վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ՝ 5:0։ Կիսաեզրափակիչում նա պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Մարիա Բովային եւ բավարարվել բրոնզե մեդալով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news