20:56  ,  2 հունիսի, 2022

Եվրո-2023․ Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 1։3 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականի հետ 2023թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի H խմբի 9-րդ տուրի խաղում։

9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Երեւանի ԲԿՄԱ-ի 18-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը, որին գոլային փոխանցում կատարեց լեհական «Յագելոնիայի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը։

22-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ Հյուսիսային Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիի» 19-ամյա հարձակվող Մեթոդի Մաքսիմովը։

Հյուսիսային Մակեդոնիայի երկրորդ գոլը 85-րդ րոպեին խփեց բուլղարական «Սեպտեմվրի Սոֆիայի» 20-ամյա կիսապաշտպան Մարիո Իլիեւսկին։

Ավելացված ժամանակում էլ դաշտի տերերն արդյունավետ իրացրին 11 մետրանոց։ «Մակեդոնիա ՋիՓի» թիմի 21-ամյա կիսապաշտպան Սեֆեր Էմինին դարձավ գոլի հեղինակ։

Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 8 խաղից հետո 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հյուսիսային Մակեդոնիան 9 խաղում վաստակել է 9 միավոր եւ նախավերջինն է։

2023թ․ Եվրոպայի Մ-21 առաջնություն, ընտրական փուլ, H խումբ, 9-րդ տուր

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ 3։1

Մեթոդի Մաքսիմով, 22, Մարիո Իլիեւսկի, 85, Սեֆեր Էմինի, 90+7 - Էրիկ Սիմոնյան, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով