19:29  ,  2 նոյեմբերի, 2021

ԱԱ․ Դավիթ Չալոյանը տպավորիչ հաղթանակով ապահովեց մեդալ (ֆոտո, ուղիղ եթեր)

24-ամյա Դավիթ Չալոյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Հայաստանի առաջին մեդալը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

+92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ եւ ծանր մենամարտում հաղթեց 3:2 հաշվով՝ ապահովելով աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը հանգիստ էր մենամարտում, հիմնականում պաշտպանվում էր եւ քիչ գնում հակագրոհների: Այս ռաունդում մրցավարների հաղթանակը շնորհեցին ուզբեկ բռնցքամարտիկին:

Երկրորդ ռաունդը Չալոյանը մեծ ակտիվությամբ սկսեց եւ հարվածաշարերով գրոհների նետվեց: Հայաստանի ներկայացուցիչը նույն տեպով շարունակեց նաեւ երրորդ ռաունդում: Մրցավարները հաղթանակը շնորհեցին Հայաստանի ներկայացուցիչին:

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին:

Կիսաեզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաեւը: Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մեծահասակներում մասնակցում աշխարհի առաջնությանը:

Չալոյանը Մուլուջոնովի հետ հանդիպել էր նաեւ 2021 թվականի սեպտեմբերին Մոկսվայում անցկացված բանակայինների աշխարհի առաջնությունում: +92 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Չալոյանը պարտվել էր ուզբեկ բռնցքամարտիկին եւ բավարարվել բրոնզե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս