15:37  ,  30 հուլիսի, 2021

Կարեն Խաչանով. Տոկիո եմ եկել մանկությանս երազանքի հետևից

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի նկատմամբ հաղթանակից ու եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Հասա ռևանշի, քանի որ այս տարի գրունտի վրա պարտվել էի իսպանացուն: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Ապահովեցի մեդալ ու կպայքարեմ ոսկու համար:

Ինձ բազմիցս հարցրել են Օլիմպիական խաղերի ու մեդալների մասին: Այստեղ եմ եկել մանկությանս երազանքի մասին մտքով՝ խաղալ Օլիմպիական խաղերում: Երբ պլան էի պատրաստում, Օլիմպիական խաղերն առաջնային դիրքերում էին: Այստեղ եմ եկել մեդալների համար պայքարելու, և դա ստացվեց»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ նվազագույնն օլիմպիական արծաթե մեդալ ապահոված Խաչանովի մրցակիցը եզրափակիչում կլինի գերանացի Ալեքսանդր Զվերևը, որը հուլիսի 30-ին պայքարից դուրս թողեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով