14:20  ,  28 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը:

100 մետր ազատ ոճում 18-ամյա մարզուհին գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում Մանուչարյանը 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա 45-րդ տեղը գրավեց 51 մասնակիցների մեջ:

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված լողորդները: Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց ավստրալուհի Էմա Մքկեոնը, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ (52.13):

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) Հայաստանի դրոշակակիրներն էին:

Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում՝ գրանցելով 49.78 վայրկյան արդյունք: Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:

Վարսենիկ Մանուչարյան, լող, 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2003 թվականի հուլիսի 11-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։

Վարսենիկ Մանուչարյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր:

Վարսենիկ Մանուչարյանի առաջին լուրջ փորձը միջազգային մրցաշարում եղել է 2017 թվականին Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնը, որտեղ բարելավել իր անձնական արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել: Անձնական արդյունքների բարելավում գրանցել է նաեւ 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում: 2018 թվականին մասնակցել է Հելսինկիում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությանը, ապա նաեւ Չինաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությանը: Խոշոր մրցաշարերում հայ լողորդը դեռեւս մրցանակային տեղեր չի զբաղեցրել:

2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է:

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամն է՝ 18 տարեկան:

Տոկիո-2020-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի միջոցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով