14:09  ,  8 հուլիսի, 2021

Մոուրինյոն ու Վենգերը քննադատել են Անգլիա - Դանիա խաղի մրցավարին

Իտալական «Ռոման» գլխավորող Ժոզե Մոուրինյոն ու Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ են մնացել ֆուտբոլի Անգլիայի և Դանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման մրցավարներից: Ավելացված ժամանակում հանդիպման հոլանդացի գլխավոր մրցավար Դանի Մակելին 11 մետրանոց հարված էր նշանակել անգլիացիների օգտին: Ըստ Վենգերի ու Մոուրինյոյի՝ այդ դրվագում չկար 11 մետրանոց:

«Անգլիան արժանի էր հաղթանակի, սակայն այդպիսի դրվագներում երբեք չեն նշանակում 11 մետրանոց հարված: Ընդ որում՝ այդպիսի մակարդակում՝ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում: Ես չեմ հասկանում մրցավարի որոշումն ու այն փաստը, որ VAR համակարգի մասնագետները մրցավարին չկանչեցին էկրանի մոտ: Այդպիսի դրվագները երբեք 11 մետրանոց չեն: Ես շատ ուրախ եմ, որ Անգլիան հաղթեց, խնդրում եմ ճիշտ հասկացեք ինձ: Նրանք արժանի էին հաղթանակի, սակայն ես՝ որպես ֆուտբոլային մարդ, հիասթափված եմ, որ նշանակվեց այդպիսի 11 մետրանոց»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:

«Դա 11 մետրանոց չէր: Ես չգիտեմ, թե ինչու VAR համակարգի օգնականները մրցավարին չխնդրեցին դիտել կրկնապատկերը: Այդպիսի պահերին կարևոր է, որ մրցավարն ամբողջությամբ վստահ լինի իր որոշման վրա: Ինձ համար դա 11 մետրանոց չէ: Կարծում եմ՝ VAR-ի բրիգադը «քաշեց» մրցավարին»,- Արսեն Վենգերի խոսքը փոխանցում է BeIn Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով