00:50  ,  7 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Իտալիան ու Իսպանիան պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ֆոտո)

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընթացող Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում իտալացիները մրցում են Իսպանիայի հավաքականի հետ։ Հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։

Առաջին խաղակեսում գնդակին ավելի շատ էին տիրում իսպանացիները, ավելի հաճախ էին մոտենում մրցակցի դարպասին, բայց միայն մեկ անգամ ստեղծեցին վտանգավոր պահ։ Գերմանական «ՌԲ Լայպցիգի» 23-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոյի հարվածից հետո դրությունը փրկեց 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։

Ռոբերտո Մանչինիի գլավորած թիմը մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրեց, սակայն գործը հարվածի չհասավ։

Ընդմիջումից հետո Լուիս Էնրիկեի գլավորած թիմը շարունակում էր տիրել նախաձեռնությանը, սակայն գոլ խփեցին իտալացիները։ 60-րդ րոպեին դարպասապահ Դոնարումայի սկսած գրոհը շարունակեց «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեն, իսկ արդյունավետ հարվածով եզրափակեց Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

80-րդ րոպեին Իսպանիան կարողացավ վերականգնել հավասարությունը։ Դանի Օլմոյի փոխանցումից հետո աչքի ընկավ «Յուվենտուսի» 28-ամյա հարձակվող Ալվարո Մորատան։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի եւ Դանիայի հավաքականները։

Եվրո-2020, կիսաեզրափակիչ, հիմնական ժամանակ

Իտալիա - Իսպանիա՝ 1։1 (Լոնդոն)

Ֆեդերիկո Կիեզա, 60 - Ալվարո Մորատա, 80

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով