00:51  ,  4 հուլիսի, 2021

Եվրո-2020. Անգլիան խփեց 4 գոլ և դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը դարձավ 11 երկրների 11 քաղաքներում անցկացվող Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած խաղում անգլիացիները 4:0 հաշվով հաղթեցին Անդրեյ Շևչենկոյի գլխավորությամբ հանդես եկող Ուկարինայի հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ խաղաց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում: Անգլիայի հավաքականը պատմության առաջին թիմն է, որը Եվրոպայի առաջնությունում սեփական դարպասն անառիկ է պահում 5 խաղերում անընդմեջ:

Բրիտանական թիմն ակտիվ սկսեց խաղը և խփեց արագ գոլ: Չորրորդ րոպեին հաշիվը բացեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Սկզբնամասում Անգլիայի հավաքականն ուներ ավելի լավ տեսք, սակայն ուկրաինացիները ոչ միայն աստիճանաբար հավասարեցրին խաղը, այլև տարածքային առավելություն ունեին խաղակեսի վերջնամասում և մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասին: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում անգլիացիները խփեցին ևս 2 գոլ: 46-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը, որը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ գլխի հարվածով: 3 րոպե անց Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ՝ գլխի հարվածով հաշիվը դարձնելով 3:0:

63-րդ րոպեին գնդակը նաև չորրորդ անգամ հայտնվեց Ուկրաինայի հավաքականի դարպասում: Փոխարինման դուրս եկած Ջորդան Հենդերսոնը ևս մրցակցի դարպասը գրավեց գլխի հարվածով: Դա «Լիվերպուլի» կիսապաշտպանի առաջին գոլն էր Անգլիայի հավաքականում, որի կազմում նա անցկացրեց 62-րդ հանդիպումը:

Խաղի մնացած ժամանակահատվածում Ուկրաինայի հավաքականը չկարողացավ լուրջ խնդիրներ առաջացնել մրցակցի համար և լքեց պայքարը:

1966թ. աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ Անգլիայի հավաքականը մեծ մրցաշարերում (ԱԱ, ԵԱ) 4 գոլ խփեց փլեյ-օֆֆում:

Սա Եվրո-2020-ում Անգլիայի հավաքականի միակ հանդիպումն էր, որը թիմը չանցկացրեց տնային «Ուեմբլի» ստադիոնում: Անգլիացիները շարունակում են մնալ Եվրո-2020-ի միակ թիմը, որը գոլ բաց չի թողել մրցաշարում: Բացի այդ, Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ գոլ բաց չի թողնում 7 խաղ անընդմեջ:

Հուլիսի 7-ին Անգլիայում կայանալիք կիսաեզրափակիչում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, որը հուլիսի 3-ին 2:1 հաշվով հաղթել էր չեխերին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 6-ին դարձյալ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կվիճարկեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ

Ուկրաինա – Անգլիա՝ 0:4 (տեսանյութ)

Հարի Քեյն, 4, 50, Հարի Մագուայր, 46, Ջորդան Հենդերսոն, 63

Ուկրաինա (3-4-1-2). Գեորգի Բուշչան, Սերգեյ Կրիվցով, Իլիա Զաբարնի, Միկոլա Մատվիենկո, Սերգեյ Սիդորչուկ, Ալեքսանդր Զինչենկո, Ալեքսանդր Կարավաև, Վիտալի Միկոլենկո, Միկոլա Շապարենկո, Ռոման Յարեմչուկ, Անդրեյ Յարմոլենկո:

Անգլիա (4-2-3-1)․ Ջորդան Պիկֆորդ, Կայլ Ուոլքեր, Ջոն Սթոունզ, Հարի Մագուայր, Լյուկ Շոու, Քելվին Ֆիլիպս, Դեքլայն Ռայս, Մեյսոն Մաունթ, Ջեյդոն Սանչո, Ռահիմ Ստերլինգ, Հարի Քեյն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով