00:57  ,  24 հունիսի, 2021

Եվրո-2020․ Պորտուգալիա - Ֆրանսիա, Գերմանիա - Հունգարիա զույգերն առանց հաղթողի (ֆոտո, վիդեո)

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում ավարտվեց խմբային փուլը։ Երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին F խմբի թիմերը։

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հանդիպեց Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկու գոլն էլ խփեց 11 մետրանոցից։ Նա 109-րդ գոլը խփեց հավաքականում եւ հավասարվեց կարիերան ավարտած իրանցի Ալի Դաեին ազգային թիմում խփած գոլերի ռեկորդային քանակով։

Ֆրանսիայի հավաքականի երկու գոլի հեղինակն էլ «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման է։ Նա առաջին գոլը խփեց 11 մետրանոցից։

Ֆրանսիացիները 5 միավորով գրավեցին առաջին տեղը։ Երկրորդ ուղեգիրն այս խմբից նվաճեց Գերմանիայի հավաքականը, որը Մյունխենում ընդունեց հունգարացիներին։ Յոահիմ Լյովի գլխավորած թիմը միայն վերջին րոպեներին խուսափեց պարտությունից կիսապաշտպաններ Կայ Հավերցի եւ Լեոն Գորեցկայի գոլերի շնորհիվ՝ 2։2 հաշվով։

Գերմանիան 4 միավորով երկրորդն է, Պորտուգալիան նույնքան միավորով երրորդն է եւ նույնպես հանդես կգա 1/8 եզրափակիչում։ Հունգարիան 2 միավորով գրավեց վերջին տեղը։

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

F խումբ

Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 2։2 (տեսանյութ), (Բուդապեշտ)

Կրիշտիանու Ռոնալդու, 30, 11մ, 60, 11մ - Քարիմ Բենզեմա, 45+2, 11մ, 47

Գերմանիա - Հունգարիա՝ 2։2 (տեսանյութ), (Մյունխեն)

Կայ Հավերց, 66, Լեոն Գորեցկա, 84 - Ադամ Սալաի, 11, Անդրաշ Շեֆեր, 68

Մրցաշարային դրություն. Ֆրանսիա՝ 5 միավոր, Գերմանիա, Պորտուգալիա՝ 4-ական, Հունգարիա՝ 2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս