14:54  ,  16 հունիսի, 2021

Ռոնալդու. Եվրոպայի առաջնությունը շքեղություն է, այստեղ լավագույններից լավագույններն են

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթական մեկնարկը Եվրո–2020–ում։ Առաջին տուրում պորտուգալացիները 3։0 հաշվով հաղթել էին Հունգարիայի թիմին։

«Պետք է կարողանալ մաքառել, պայքարել մինչեւ վերջ եւ միշտ հավատալ։ Չկան հեշտ մրցակիցներ կամ նախապես հաղթած հանդիպումներ։

Եվրոպայի առաջնությունը շքեղություն է, այստեղ միայն լավագույններից լավագույններն են։ Այստեղ ամեն հաղթանակի պետք է հասնել ոգու ամրությամբ եւ ինքնազոհողությամբ։

Մեծ հաղթանակ էր, շարժվում ենք մեր նպատակի ուղղությամբ։ Առա՛ջ, Պորտուգալիա։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ավելի մեծ ուրախություն պարգեւենք պորտուգալացիներին, որոնք այդքան մեզ աջակցում են»,– գրել է Ռոնալդուն Ինստագրամում։

Հունգարիային երկու գոլ խփած Ռոնալդուն 11 գոլով դարձավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի լավագույն ռմբարկուն։ 

36-ամյա Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որը 5-րդ անգամ հանդես է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում եւ 5-րդ անգամ անընդմեջ այդ մրցաշարերում դառնում գոլի հեղինակ։ Նա 106 գոլով Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով