23:30  ,  12 հունիսի, 2021

Եվրո-2020. Դանիան պարտվեց Էրիկսենի ուշագնաց լինելուց հետո (ֆոտո)

Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մցաշարին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականը Եվրո-2020-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրի առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Դանիայի հավաքականի նկատմամբ:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 60-րդ րոպեին խփեց գերմանական «Ունիոն Բեռլինի» հարձակվող Յոել Պոհյանպալոն: 74-րդ րոպեին Դանիայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգը չկարողացավ 11 մետրանոց հարվածով գրավել մրցակցի դարպասը:

Հանդիպումը 43-րդ րոպեին դադարեցվել էր բժշկական նկատառումներով և վերսկսվեց մոտ 2 ժամ անց: Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունն առաջին խաղակեսի վերջնամասում և ընկել խոտածածկին: 

Իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները պայքարում էին իտալական նրա կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում: Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:

Դրանից հետո ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ դանիացի ֆուտբոլիստի վիճակը կարգավորվել է:

Էրիկսենը հիվանդանոցից Facetime-ի միջոցով զանգել էր թիմակիցներին և հայտնել, որ իր վիճակը կարգավորվել է, որպեսզի նրանք շարունակեն խաղը: Հանդիպման վերսկսումից հետո Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները դանիացի խաղացողներին խաղադաշտում դիմավորեցին ծափողջյուններով:

B խմբի մյուս խաղում Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները մրցում են Սանկտ Պետերբուրգում:

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

B խումբ

Դանիա – Ֆինլանդիա՝ 0:1 (տեսանյութ)

Յոել Պոհյանպալո, 60

Չիրացված 11 մետրանոց՝ Պյեր-Էմիլ Հոյբերգ, 74 (Դանիա)

Դանիա (4-3-3). Կասպեր Շմեյխել, Դանիել Վաս, Սիմոն Կյաեր, Անդրեաս Կրիստենսեն, Յոակիմ Մեհլե, Թոմաս Դելեյնի, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Կրիստիան Էրիկսեն, Յուսուֆ Պոուլսեն, Մարտին Բրեթուեյթ, Յոնաս Վին:

Ֆինլանդիա (4-4-2). Լուկաշ Գրադեցկի, Յուկի Ռայթալա, Պաուլուս Արայուրի, Դենիել Օ՛Շոնեսի, Յերե Ուրոնեն, Գլեն Կամարա, Տիմ Սպարվ, Ռոբին Լոդ, Յոնա Տոյվո, Յոել Պոհյանպալո, Տյեմու Պուկի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով