18:50  ,  11 ապրիլի, 2021

ԵԱ․ Գոռ Մինասյանը՝ փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի եւս երկու մեդալ:

+109 կգ քաշայինների պայքարում Գոռ Միանսյանը երկամարտի 264 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (216+248):

Վարազդատ Լալայանը 445 կգ երկամարտում Եվրոպայի բրոնզե մեդալակիրն է: Այս քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնը վրացի Լաշա Տալախաձեն է երկամարտի 485 կգ արդյունքով (222+263):  Տալախաձեն գրանցեց երկամարտի աշխարհի ռեկորդ:

Տալախաձեն 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Նա օլիմպիական չեմպիոն է, աշխարհի քառակի չեմպիոն։ 

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փայլուն կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 200, ապա 212 եւ 216 կգ-ները: Այս վարժությունում Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Վարազդատ Լալայանը փայլուն տեսք ուներ Մոսկվայի մրցահարթակում: Երիտասարդ ծանրորդը մեծահասակների առաջին մեդալի ճանապարհին պոկեց 205 կգ, հրեց 240 կգ:

Պոկում վարժությունում Լալայանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդ մոտեցմամբ 205 կգ, երրորդ մոտեցումը սակայն ձախողեց եւ այս վարժությունում գրանցեց երրորդ տեղ:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 240 կգ-ը, ապա 248-ը, բայց երրորդ մոտեցման 252 կգ պատվերը չկարողացավ հրել: Վարազդադ Լալայանը հրեց 240 կգ, երկրորդ մոտեցման համար 250 կգ պատվիրեց, բայց չկարողացավ գլխավերեւում պահել ծանրաձողը: Ձախողեց նաեւ երրորդ մոտեցումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում