19:32  ,  10 ապրիլի, 2021

ԵԱ. Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) անհաջող հանդես եկավ Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնը զրո ստացավ հրում վարժությունում՝ չկարողանալով 3 փորձից բարձրացնել 227 կգ ծանրաձողը: Երկրորդ վարժության համար 24-ամյա ծանրորդը պատվիրել էր ամենածանր քաշը և մրցահարթակ դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս բոլոր մասնակիցներն ավարտել էին ելույթները, սակայն անհաջողության մատնվեց:

Պոկում վարժության համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 190 կգ, որը բարձրացրեց միայն երրորդ փորձից և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 427 կգ (192+235) արդյունքով:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Դմիտրի Չումկոն, որը երկամարտում գրանցեց 407 կգ (181+226) արդյունք: Երկրորդ տեղը գրավեց բուլղարացի Խրիստո Խրիստովը (406 կգ), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Տիմուր Նանևը (401 կգ):

Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա նաև Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել են չորրորդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) զրո էր ստացել հրում վարժությունում:

14 ծանրորդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս