22:11  ,  10 ապրիլի, 2021

ԵԱ. Տաթև Հակոբյանը 9-րդն է

Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը (87 կգ) 9-րդ տեղը գրավեց Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Կանանց 89 կգ քաշայինների պայքարում 25-ամյա մարզուհին երկամարտում գրանցեց 221 կգ (101+120) արդյունք: Պոկում վարժությունում Հակոբյանը գրանցեց 7-րդ արդյունքը, իսկ հրումում 9-րդն էր: 2 վարժություններում էլ նա հաջող կատարեց միայն առաջին մոտեցումները: A խմբում Տաթև Հակոբյանը գրավեց վերջին տեղը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս Դարիա Ախմերովան, որը երկամարտում հավաքեց 246 կգ (108+138): Երկրորդ տեղը զբաղեցրեց մոլդովացի Ելենա Չիլչիչը (245 կգ), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ ռուս Դարիա Ռիազանովային (240 կգ):

Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Հակոբյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում (105 կգ) ու 230 կգ արդյունքով չորրորդ տեղը գրավել երկամարտում:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել են չորրորդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո են ստացել հրում վարժությունում:

14 ծանրորդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում