15:34  ,  11 ապրիլի, 2021

ԵԱ. Արփինե Դալալյանը չորրորդն է

Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը չորրորդ տեղը գրավեց Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Կանանց +87 կգ քաշայինների պայքարում 22-ամյա մարզուհին երկամարտում գրանցեց 221 կգ (95+126) արդյունք:

Պոկում վարժությունում Դալալյանը երրորդ մոտեցմամբ միայն կարողացավ բարձրացնել 95 կգ-ոց ծանրաձողը եւ գրանցեց 6-րդ արդյունք:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 125 կգ, երկրորդ եւ երրորդ փորձին չմոտեցավ:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմփբելը, որը երկամարտում հավաքեց 276 կգ (122+154): Երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Լիսենկոն՝ 252 կգ (116+136), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ թուրք Մելիկե Գունալին՝ 243 կգ (108+135)։

Նախորդ` Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում Դալալյանը +87 կգ քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով կրկին չորրորդ տեղում էր։ Պոկում վարժությունում Դալալյանը բարձրացրել էր 105, հրում վարժությունում՝ 135 կգ։

+109 կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնեն օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English