14:04  ,  30 մարտի, 2021

Կապառոս. Մխիթարյանը շատ կարևոր է Հայաստանի հավաքականի համար

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքի պատճառով չի մասնակցում ազգային թիմի հավաքին:

«Մեծագույն ֆուտբոլիստները միշտ կարևոր են, իսկ մեր դեպքում՝ նաև այն պատճառով, որ մեր թիմում քիչ են նրա պես տաղանդավոր խաղացողները: Բացի այդ, նա, իրոք, հավաքականի համար անհանգստանում է իր մյուս բոլոր թիմակիցների պես: Սեփական հավաքականի մարզաշապիկի ու զինանշանի նկատմամբ սերը մեզ առավելություն է տալիս մյուս թիմերի նկատմամբ»,- La Repubblicaի հետ հարցազրույցում ասել է իսպանացի մասնագետը:

Խոակին Կապառոսն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի նամակին, որով նա պատերազմի օրերին դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին:

«Ես անձամբ շնորհակալություն հայտնեցի նրան, քանի որ նա դա արեց, երբ հավաքականի ճամբարում էր: Մխիթարյանը, միանշանակ, ուղեցույց է մեզ համար, քանի որ այն ամենը, ինչ նա ասում կամ անում է, ունի հսկայական ազդեցություն»,- ասել է Կապառոսը:

Հիշեցնենք, որ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին մեկնարկեց Լիխտենշտեյնի նկատմամբ արտագնա հաղթանակով (1:0), իսկ 3 օր անց Երևանում տպավորիչ հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ՝ 2:0: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլերում մեկնարկեց 2 հաղթանակով:

Մարտի 31-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ռումինիայի հավաքականին:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով