09:33  ,  31 մարտի, 2021

Հայաստան - Ռումինիա. Անհաջող վիճակագրությամբ, բայց հաղթական տրամադրությամբ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլերում պատմության մեջ առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկած Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին ուժերը կչափի Ռումինիայի հավաքականի հետ: ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմին հերթական բարդ փորձությունն է սպասվում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Դիմակայության պատմությունը

Այս թիմերի դիմակայությունների վիճակագրությունը Հայաստանի հավաքականի օգտին չէ: Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի: Դիմակայությունում Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է Կարեն Դոխոյանը:

Մեկնարկային 2 խաղերը տեղի են ունեցել ԱԱ-2006-ի ընտրական փուլում: Երևանում գրանցվել է 1:1 հաշիվը, իսկ Ռումինիայում դաշտի տերերը խփել են 3 անպատասխան գոլ:

2006 թվականին թիմերն ընկերական հանդիպում են անցկացրել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, որտեղ Ռումինիայի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:

Նախորդ 2 հանդիպումներն անցկացվել են ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում: «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը պարտվել է 0:5 հաշվով, իսկ հյուրընկալվելիս՝ 0:1:

Նախորդ խաղերը

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին մեկնարկեց Լիխտենշտեյնի նկատմամբ արտագնա հաղթանակով (1:0), իսկ 3 օր անց Երևանում տպավորիչ հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ՝ 2:0:

Ռումինիայի հավաքականը պայքարը սկսեց մակեդոնացիների դեմ տնային խաղով, որտեղ հաղթեց 3:2 հաշվով: 2 գոլի առավելություն ստացած ռումինացիները խաղի վերջնամասում 2 գոլ բաց թողեցին, սակայն 86-րդ րոպեին կարողացան խփել հաղթական գոլը: Նախորդ խաղում Ռումինիայի հավաքականը Բուխարեստում ընդունեց խմբի ընդգծված ֆավորիտ Գերմանիայի հավաքականին, որին պարտվեց նվազագույն հաշվով: Չնայած պարտությանը՝ ռումինացիները վատ տեսք չունեին հզոր մրցակցի դեմ խաղում:

Կորուստներ

Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից այս հավաքին չեն մասնակցում իտալական «Ռոմայի» առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը և ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը: Հայաստանի հավաքականի ամենափորձառու խաղացողներից Գևորգ Ղազարյանը թիմի ճամբարում է, սակայն չմասնակցեց նախորդ 2 խաղերին: Հունական «Լամիայի» 32-ամյա կիսապաշտպանը շարունակում վերականգնողական փուլը և նրա մասնակցությունը դարձյալ հարցականի տակ է այս խաղին: Իսլանդիայի հավաքականի դեմ խաղը վնասվածքի պատճաով բաց թողեց տևական ընդմիջումից հետո ազգային թիմ վերադարձած Արթուր Միրանյանը, որը չի մասնակցի նաև այս հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանն ազգային թիմին ուշացումով միանալուց հետո չէր հայտավորվել իսլանդացիների դեմ խաղին: Այս հանդիպմանը ևս ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանի մասնակցության հավանականությունը մեծ չէ:

Մեկնարկային 2 խաղերից հետո Հայաստանի և Ռումինիայի հավաքականներում դեղին քարտերի պատճառով որակազրկված խաղացողներ չկան:

4-4-2-ը դարձե՞լ է մեր հիմնական խաղային սխեման

ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի հավաքականը հանդես եկավ իր համար նոր՝ 4-4-2 տակտիկական սխեմայով, որը 2 դեպքում էլ հաղթական ստացվեց: Դժվար է ասել, թե արդյոք Խոակին Կապառոսը հարկադրված է ընտրում այդ խաղային դասավորությունը (հաշվի առնելով հենակետայինի գոտում խնդիրները), սակայն մի բան պարզ է, որ այն հաջողություն է բերում թիմին: Ռումինիայի հավաքականն այս պահին ավելի լավ վիճակում է, քան Իսլանդիան, և չի բացառվում, որ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը կվերադառնա 4-2-3-1 տակտիկական սխեմային, որը հաջողությամբ կիրառում էր Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում:

4-2-3-1 սխեմայով է խաղում նաև Ռումինիայի հավաքականը:

Ծանր մրցակիցը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ռումինիայի հավաքականը 37-րդ տեղում է (Հայաստանը 99-րդն է): 2019 թվականից թիմը գլխավորում է Ռումինիայի հավաքականի նախկին պաշտպան Միրել Ռեդոյը, որը դրանից առաջ մեկ տարի աշխատել է նաև երկրի երիտասարդական հավաքականում: 40-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 2015-ին:

Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում ռումինացիները երրորդ տեղը գրավեցին B դիվիզիոնի չորրորդ խմբում (Ավստրիա, Նորվեգիա, Ռումինիա, Հյուսիսային Իռլանդիա), որտեղ 6 խաղերում հավաքեցին 8 միավոր:

Ռումինիայի հավաքականում աստղային ֆուտբոլիստներ չկան, սակայն թիմի բոլոր խաղային դիրքերը խաղամակարդակով շատ մոտ են իրար: Երևի, թիմի ամենահայտնի խաղացողն է Լոնդոնի «Տոտենհեմի» ու իտալական «Նապոլիի» նախկին պաշտպան Վլադ Կիրիկեշը, որը 2019-ից հանդես է գալիս «Սասուոլոյում»: 31-ամյա ֆուտբոլիստը նաև ազգային թիմի ավագն է:

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Ռումինիայի հավաքականին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.90 գործակցով: Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երրորդ տուր

J խումբ

Հայաստան - Ռումինիա՝ ժամը 20:00-ին

Գլխավոր մրցավար՝ Անդրիս Տրեյմանիս (Լատվիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում