16:43  ,  25 մարտի, 2021

«Ալաշկերտը» և «Փյունիկը» չպարզեցին հաղթողին, «Վանը» պարտվեց Առաջին խմբի թիմին

Օգտվելով ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից՝ հայկական ակումբներն անցկացնում են ընկերական հանդիպումներ:

«Ալաշկերտը» «Նաիրի» ստադիոնում ընդունեց «Փյունիկին»: Գրանցվեց 1:1 հաշիվը: «Փյունիկից» աչքի ընկավ ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարը, իսկ «Ալաշկերտից»՝ սենեգալցի պաշտպան Պապե Կամարան (տեսանյութ):

Չարենցավանի «Վանը» Չարենցավանի քաղաքային ստադիոնում 2:3 հաշվով պարտվեց Առաջին խմբի ներկայացուցիչ «Նորավանքին»: «Վանի» կազմում գոլի հեղինակ դարձան Գարեգին Կիրակոսյանը և Ալեքսեյ Շիշկինը, իսկ «Նորավանքին» հաղթանակ բերեցին Անդրանիկ Քոչարյանի, Գագիկ Մաղաքյանի և Հակոբ Խաչատրյանի դիպուկ հարվածները:

Հայաստանի Պրեմիեր լիգայի մյուս ակումբներն ընկերական խաղեր կանցկացնեն մարտի 27-ին:

Երևանի «Ուրարտուն» ժամը 15։00-ին սեփական խաղադաշտում կհանդիպի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Արարատի» մրցակիցը կլինի Գյումրիի «Շիրակը»։ Գյումրիի քաղաքային ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 14։00-ին:

Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» ուժերը չափի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 14:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում