17:45  ,  17 նոյեմբերի, 2020

Խոակին Կապառոս. Այս պահին ամենակարևոր խնդիրը վերականգնվելն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Կիպրոսում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսել է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման մասին:

«Նախորդ խաղում 2 հարձակվողով սխեմայի մասին կասեմ, որ պետք է ամեն ինչ անեինք լավ խաղալու համար, քանի որ ունեինք այն ֆուտբոլիստներին, որոնց հետ կարող էինք խաղալ հենց այս մարտավարությամբ: Պետք է պրեսինգի դիմեինք ու մեծ ճնշում գործադրեինք մրցակցի պաշտպանների վրա: Ե՛վ Կարապետյանի, և՛ Ադամյանի աշխատանքը պարզապես հիանալի էր: Շատ համախմբած գործեցինք, և դա շատ օգնեց, որ թիմը լինի կենտրոնացված և ազատ տարածություններ ստեղծի հակագրոհներով խաղալու համար:

Այս պահին ամենակարևոր խնդիրը ֆուտբոլիստներին ֆիզիկական առումով վերականգնելն է: Ֆիզիկական առումով շատ ուժեղ չենք: Պետք է տեսնենք, թե ինչպես են վերականգնվում ֆուտբոլիստները, քանի որ վաղվա խաղը հսկայական աշխատանք է պահանջելու: Մեր խաղացողներից շատերը հոգնած են, բայց վստահ ենք մյուսների վրա: Սա շատ կարևոր հանդիպում է մեզ համար:

Նախորդ խաղում Գևորգ Ղազարյանը ցուցադրեց, որ ունի առաջատարի որակներ: Նա կատարեց մեծ աշխատանք՝ հաշվի առնելով, որ տևական ժամանակ չէր խաղացել: Գևորգն այն խաղացողներից է, որին պետք է ուշադրություն դրաձնենք վաղվա խաղին վերականգնվելու հարցում:

Ցավալի է, որ խաղը Հայաստանում չի անցկացվում: Լավ կլիներ, որ խաղայինք մեր ստադիոնում, և դա կլիներ մեծ տոնախմբություն: Բայց, ցավոք, դա տեղի չի ունենում: Մենք ամեն ինչ կանենք ցանկալի արդյունքի հասնելու համար, քանի որ մի ամբողջ երկիր ուշադիր սպասում է մեր հանդիպմանը: Կարևոր է ևս մեկ բան՝ ամբողջ թիմի ու անձնակազմի գործադրած ջանքերը: Ունենք ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներում շատ չեն խաղում, սակայն, երբ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի մարզաշապիկով, կատարում են մեծ աշխատանք: Հուսանք, որ մարզական բախտը մեր կողմը կլինի, քանի որ դա ևս շատ կարևոր է վաղվա խաղում»,- ասել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը նոյեմբերի 18-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում (Երևանի ժամանակով 21:00-ին):

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 15-ին անցկացված նախորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթել էր վրացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում