10:20  ,  7 նոյեմբերի, 2020

«Նոայի» գործադիր տնօրենը՝ Իգոր Պիկուշչակի անսպասելի հեռանալու ու Դմիտրի Գունկոյի նշանակման մասին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր ու փոխչեմպիոն Երևանի «Նոայում» անսպասելի մարզչական փոփոխություն տեղի ունեցավ մրցաշրջանի սկզբնամասում: 2019/2020 մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչ, մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակին փոխարինեց վերջերս ռուսական «Խիմկիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Դմիտրի Գունկոն:

«Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ պատմեց մարզչական փոփոխության պատճառների մասին, ինչպես նաև ամփոփեց թիմի ելույթները մրցաշրջանի սկզբնամասում:

«Իգոր Պիկուշչակի հեռանալը որքանով ձեր համար էր անսպասելի, այնքան էլ մեզ համար: Նախաձեռնող կողմը եղել է մարզիչը: Նա է հայտնել ցանկություն, որպեսզի պայմանագիրը լուծվի: Մենք չենք խոչընդոտել, և նրա հետ համագործակցությունը դադարեցվել է՝ ըստ պայմանագրի կետերի: Ինչ վերաբերում է մարզիչի որոշման դրդապատճառներին, ապա ավելի ճիշտ կլինի, որ այդ մասին խոսի հենց նա»,- ասաց Արթուր Սահակյանը:

Ակումբի գործադիր տնօրենի խոսքով, Դմիտրի Գունկոն լավագույն տարբերակն էր նոր մարզիչի թեկնածուների թվում:

«Քանի որ թիմի առջև դրված են լուրջ խնդիրներ, այդ պատճառով մեր տեսադաշտում էին, մեր կարծիքով, միայն որակյալ մասնագետներ, որոնց թվում Դմիտրի Գունկոն հիմնական թեկնածուներից էր: Նրա հետ բանակցությունները տևեցին բավական երկար, ինչից հետո մարզիչը տվեց թիմը գլխավորելու համաձայնություն: Ունենք սելեկցիոն բաժին, որը զբաղվում է ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզիչի ընտրության հարցով: Թեկնածուների ցանկն ակումբին տրամադրում է սելեկցիոն բաժինը»,- նշեց Սահակյանը:

Հարցին, թե նոր մարզիչի թեկնածուների թվում կայի՞ն հայ մասնագետներ, Արթուր Սահակյանը նշեց հետևյալը. «Թեկնածուների ցանկը փոքր չէր, ուստի այնտեղ կային նաև հայ մարզիչներ»:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Նոան» 6 խաղից հետո վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է չորրորդ տեղը: Ակումբի գործադիր տնօրենը մրցաշրջանի մեկնարկում անհաջողությունները կապում է եվրագավաթային մրցաշարում ելույթների հետ:

«Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած թիմ, որը մասնակցում է եվրագավաթային հանդիպումների, դա ազդում է մրցաշրջանի արդյունքների վրա: Մենք վատ սկսեցինք մրցաշրջանը՝ ոչ ոքի, պարտություն ու միավորների կորուստ: Դրանից հետո, կենտրոնանալով Հայաստանի Պրեմիեր լիգայի վրա, բավական հաջող փուլ ունեցանք և տարանք 2 վստահ հաղթանակ: Կարծում եմ, որ մարզիչի հեռանալը ևս զգալ տվեց այս կարճ ժամանակահատավածում»,- նշեց Արթուր Սահակյանը:

Նոյեմբերի 6-ից սկսած՝ «Նոան» իր տնային հանդիպումները «Նաիրի» ստադիոնի փոխարեն կանցկացնի Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում: Արթուր Սահակյանի խոսքով, «Գանձասար-Կապանի»՝ Հայաստանի առաջնությունում հանդես գալուց հրաժարվելուց հետո եղավ Ֆուտբոլի ակադեմիայում խաղալու հնարավորություն, ինչից երևանկան ակումբն օգտվեց:

«Ունեինք ցանկություն հանդես գալ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մինչև այս այնտեղ հանդես էր գալիս «Գանձասար-Կապան» ակումբը, և քանի որ նրանք դադարեցրին ելույթները, ստեղծվեց այդպիսի հնարավորություն, և մենք փոխեցինք տնային խաղերի վայրը»,- խոսքը եզրափակեց Արթուր Սահակյանը:

Հիշեցնենք, որ Իգոր Պիկուշչակը նախորդ մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Նոան», որը նրա գլխավորությամբ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: Օրեր առաջ 37-ամյա մասնագետը գլխավորել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող Տոլյատիի «Ակրոնը»:

Դմիտրի Գունկոն սեպտեմբերին էր հեռացվել «Խիմկիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր այս տարվա օգոստոսից: 44-ամյա Գունկոն երկար տարիներ աշխատել է «Սպարտակի» համակարգում, իսկ 2014 թվականին եղել է նաև մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնակատար:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում