16:12  ,  31 օգոստոսի, 2020

Ի՞նչ կապ ունեն Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը «Կասկադում» տեղի ունեցած միջադեպի հետ

Երևանի «Փյունիկը» չի մեկնաբանում ակումբի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի և Սերոբ Գրիգորյանի առանչությունը օգոստոսի 30-ին «Կասկադում» տեղի ունեցած միջադեպին:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան միջադեպի առթիվ:

NEWS.am Sport-ի տվյալներով, Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը ներկա են եղել միջադեպին, սակայն նրանք չեն միջամտել ոստիկանների հետ բախմանը և ձերբակալվածների թվում չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները ձերբակալվել են ոստիկանության հետ բախման պատճառով: Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ նրանք տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից  մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ Սերոբ Գրիգորյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, որը շուտով կսկի պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 5) և Էստոնիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին: «Փյունիկի» կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանի և Արաս Օզբիլիսի, ինչպես նաև Երևանի «Արարատի» նորեկ Էդգար Մալաքյանի անունները բացակայում են հավաքականի հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով