11:25  ,  12 հուլիսի, 2020

Յուրգեն Կլոպ․ Այսպիսի արդյունքը հիասթափություն է պատճառում

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 1։1 հաշվով ոչ ոքի արդյունքը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 35-րդ տուրի տնային խաղում։

«Մենք շատ լավ էինք խաղում, բայց «Բարնլիին» գոլ խփելու շանս տվեցինք, թեեւ մենք պետք է 3-4 գոլ խփած լինեինք։

Այսպիսի արդյունքը հիասթափություն է պատճառում։ Մենք պետք է շատ ավելի շուտ վճռած լինեինք արդյունքը, սակայն «Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոուպը վերջնամասում մի քանի սենսացիոն սեյվեր կատարեց։

Ինքներս ենք մեղավոր այս արդյունքի համար։ Պետք էր օգտագործել պահերը, իսկ մենք բավարարվեցինք մեկ միավորով»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Բարնլիի» հետ ոչ ոքի (1։1) խաղալու պատճառով լիվերպուլյան թիմն ընդհատեց 24 անընդմեջ տնային հաղթանակների շարքը։

Կլոպի գլխավորած թիմը «Էնֆիլդում» միավորներ չէր կորցրել 2019թ․ հունվարի 30-ից։ Այն ժամանակ «Լիվերպուլը» տանը 1։1 հաշվով էր խաղացել «Լեսթեր Սիթիի» հետ։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 30 տարի անց նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English