11:21  ,  4 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հունական ՊԱՕԿ-ի հայ պաշտպանը (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Հունական ՊԱՕԿ-ի Մ-19 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 17-ամյա հայ պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Ավենտիսի և ֆուտբոլիստի հոր՝ Թագվոր Ավենտիսյանի հետ:

«Ծնվել եմ 2002 թվականի օգոստոսին Սալոնիկ քաղաքում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից, երբ ընդունվեցի ՊԱՕԿ-ի ակադեմիա, որտեղ հանդես եմ գալիս մինչ օրս: Խաղում եմ ձախ պաշտպանի դիրքում:

ՊԱՕԿ-ի կազմում լուրջ հաջողությունների եմ հասել ինչպես Հունաստանում, այնպես էլ միջազգային մրցասպարեզում: Մ-15 տարեկանների թիմի հետ 2 անգամ դարձել եմ Հունաստանի չեմպիոն, իսկ այս տարի չեմպիոն հռչակվել եմ Մ-19 տարեկանների թիմի կազմում: Մեծ փորձ եմ ձեռք բերել՝ հանդես գալով ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում:

2018 թվականին հրավեր եմ ստացել Հայաստանի Մ-16 տարեկանների պատանեկան հավաքականից: Ինձ և ընտանիքիս համար դա մեծ պատիվ էր: Մասնակցել եմ ընկերական հանդիպումների:

Այնուհետև հրավեր եմ ստացել Հունաստանի Մ-17 տարեկանների պատանեկան թիմից: Ես այստեղ եմ ծնվել, ՊԱՕԿ-ի շատ ֆուտբոլիստներ են հանդես գալիս հավաքականում:

Սակայն դա չի նշանակում, որ ես վերջնական որոշում եմ ընդունել: Լսել եմ, որ հայկական ֆուտբոլում դրական տեղաշարժ կա: Այժմ ես ցանկանում եմ լինել առողջ և կատարելագործվել: Երբ ժամանակը գա, ես որոշում կընդունեմ:

Այո, ԱԵԿ-ի Մ-17 թիմում հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ (Վասիլիս Գրիգորյան, - խմբ), սակայն ես անձամբ ծանոթ չեմ նրա հետ, քանի որ մենք խաղում ենք տարբեր տարիքային խմբերում:

Գիտեմ, որ իմ անունը հայերենից թարգմանաբար նշանակում է «բարի լուր» (ծիծաղում է): Շնորհակալ եմ Ձեր հետաքրքրության համար, ես սիրում եմ Հայաստանը»,- նշել է Ավենտիսը:

Ֆուտբոլիստի հայրը՝ Թագվոր Ավենտիսյանը, մեծ հայրենասեր է:

«Ես ծնվել եմ Հունաստանում, այս երկիրն ինձ շատ բան է տվել, սակայն ես հայ եմ, իմ ծնողները հայեր են և մինչև հիմա միայն հայերեն են խոսում:

Եթե իմ որդին ներկայացնի Հայաստանը, դա աննկարագրելի հպարտություն և ուրախություն կլինի ինձ համար, սակայն ընտրությունը նրանն է: Պետք է համոզել նրան, որ ընտրի Հայաստանը (ժպտում է):

Նախորդ տարի ես եղել եմ Հայաստանում, մասնակցել եմ հարսանիքի: Ինձ հետ էր նաև իմ 85-ամյա մայրը: Հայրենիք այցելելու էմոցիաները պարզապես ցնցող էին:

Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք Հայաստանում: Շատ շնորհակալ եմ Ձեզ նրա համար, ինչ դուք անում եք»,- նշել է Թագվորը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով