11:21 4 մայիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:
Հունական ՊԱՕԿ-ի Մ-19 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 17-ամյա հայ պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Ավենտիսի և ֆուտբոլիստի հոր՝ Թագվոր Ավենտիսյանի հետ:
«Ծնվել եմ 2002 թվականի օգոստոսին Սալոնիկ քաղաքում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից, երբ ընդունվեցի ՊԱՕԿ-ի ակադեմիա, որտեղ հանդես եմ գալիս մինչ օրս: Խաղում եմ ձախ պաշտպանի դիրքում:
ՊԱՕԿ-ի կազմում լուրջ հաջողությունների եմ հասել ինչպես Հունաստանում, այնպես էլ միջազգային մրցասպարեզում: Մ-15 տարեկանների թիմի հետ 2 անգամ դարձել եմ Հունաստանի չեմպիոն, իսկ այս տարի չեմպիոն հռչակվել եմ Մ-19 տարեկանների թիմի կազմում: Մեծ փորձ եմ ձեռք բերել՝ հանդես գալով ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում:
2018 թվականին հրավեր եմ ստացել Հայաստանի Մ-16 տարեկանների պատանեկան հավաքականից: Ինձ և ընտանիքիս համար դա մեծ պատիվ էր: Մասնակցել եմ ընկերական հանդիպումների:

Այնուհետև հրավեր եմ ստացել Հունաստանի Մ-17 տարեկանների պատանեկան թիմից: Ես այստեղ եմ ծնվել, ՊԱՕԿ-ի շատ ֆուտբոլիստներ են հանդես գալիս հավաքականում:

Սակայն դա չի նշանակում, որ ես վերջնական որոշում եմ ընդունել: Լսել եմ, որ հայկական ֆուտբոլում դրական տեղաշարժ կա: Այժմ ես ցանկանում եմ լինել առողջ և կատարելագործվել: Երբ ժամանակը գա, ես որոշում կընդունեմ:
Այո, ԱԵԿ-ի Մ-17 թիմում հանդես է գալիս հայ ֆուտբոլիստ (Վասիլիս Գրիգորյան, - խմբ), սակայն ես անձամբ ծանոթ չեմ նրա հետ, քանի որ մենք խաղում ենք տարբեր տարիքային խմբերում:
Գիտեմ, որ իմ անունը հայերենից թարգմանաբար նշանակում է «բարի լուր» (ծիծաղում է): Շնորհակալ եմ Ձեր հետաքրքրության համար, ես սիրում եմ Հայաստանը»,- նշել է Ավենտիսը:

Ֆուտբոլիստի հայրը՝ Թագվոր Ավենտիսյանը, մեծ հայրենասեր է:
«Ես ծնվել եմ Հունաստանում, այս երկիրն ինձ շատ բան է տվել, սակայն ես հայ եմ, իմ ծնողները հայեր են և մինչև հիմա միայն հայերեն են խոսում:
Եթե իմ որդին ներկայացնի Հայաստանը, դա աննկարագրելի հպարտություն և ուրախություն կլինի ինձ համար, սակայն ընտրությունը նրանն է: Պետք է համոզել նրան, որ ընտրի Հայաստանը (ժպտում է):

Նախորդ տարի ես եղել եմ Հայաստանում, մասնակցել եմ հարսանիքի: Ինձ հետ էր նաև իմ 85-ամյա մայրը: Հայրենիք այցելելու էմոցիաները պարզապես ցնցող էին:
Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք Հայաստանում: Շատ շնորհակալ եմ Ձեզ նրա համար, ինչ դուք անում եք»,- նշել է Թագվորը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.