11:11  ,  1 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Բալայան եղբայրները՝ Բելգիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Բելգիայում հանդես են գալիս Բալայան եղբայրները՝ Էդիկը, Էմիլն ու Արթուրը:

Էդիկ Բալայանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերին Մեխելենում: Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում, նաև հարձակման եզրերում:

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանից K.R.C Mechelen դպրոցում: 2015 թվականին տեղափոխվել է KSK Heist, որտեղ մինչև 2017 թվականը խաղացել է Մ-15 և Մ-16 տարեկանների թիմերում:

2017 թվականին Էդիկը տեղափոխվել է Մ-17 տարեկանների Elite դիվիզիոնը ներկայացնող Royale Union Saint-Gilloise ակումբ: Նույն տարում նա հրավիրվել է Հայաստանի Մ-18 տարեկանների պատանեկան հավաքական՝ մասնակցելու Բելառուսի հետ ընկերական հանդիպումների: Իր խոսքով՝ հավաքականից հրավեր ստանալը հպարտության մեծ առիթ էր ամբողջ ընտանիքի համար:

2018 թվականին Էդիկը տեղափոխվել է Beerschot Wilrijk, մարզվել ու խաղացել է երկրորդ թիմի կազմում, այնուհետև 2 անգամ հրավեր է ստացել Հայաստանի Մ-19 տարեկանների պատանեկան հավաքականից, սակայն վնասվածքների պատճառով չի կարողացել միանալ թիմին՝ բաց թողնելով նաև Երևանում անցկացված Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը: Էդիկն այդ օրերին գտնվել է հայրենիքում և աջակցել հավաքականում իր խաղընկերներին:

Այժմ Էդիկը նոր ակումբ է փնտրում և պատասխանի է սպասում մի քանի թիմերից, որոնց կազմում փորձաշրջան է անցել: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակում նա մարզավիճակը պահպանում է տնային մարզումների շնորհիվ:

Էդիկի կրտսեր եղբայրները նույնպես զբաղվում են ֆուտբոլով: 12-ամյա հարձակվող Էմիլ Բալայանը 5 տարեկանից հանդես է գալիս K.R.C Mechelen-ում, իսկ 18-ամյա կիսապաշտպան Արթուր Բալայանը ներկայացնում է FC Duffel-ը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով