11:30  +04,  29 ապրիլի, 2020

Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստանի հավաքականի, Խոակին Կապարոսի, կարանտինի և ակումբային կարիերայի մասին (ֆոտո)

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կիպրոսի «Էնոսիսի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը պատմել է՝ ինչով է զբաղվում կարանտինի ընթացքում և նշել՝ երբ է իր թիմը պատրաստվում վերսկսել մարզումները:

29-ամյա ֆուտբոլիստը կիսվել է նաև ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներով, նաև կարծիք հայտնել իր ակումբային կարիերայի մասին:

ԽՈՀԱՐԱՐՈւԹՅՈՒՆ ԵՎ ՅՈԳԱ

«Կարանտինի ընթացքում հիմնականում մնում եմ տանը, ինչպես բոլորը: Մարզվում եմ ակումբի կողմից տրամադրված անհատական ծրագրով:

Փորձում եմ այս ժամանակահատվածն օգտագործել իմ օգտին, զբաղվում եմ յոգայով, որպեսզի մկաններն ավելի էլաստիկ դառնան: Ազատ ժամանակ զբաղվում եմ խոհարարությամբ, սիրում եմ համեղ ուտեստներ պատրաստել (ժպտում է):

Կարանտինի առաջին 3 շաբաթներն օգտագործեցի վնասվածքից ապաքինվելու համար, որը ստացել էի մինչև կարանտինը: Փորձել եմ հնարավորինս պահպանել մարզավիճակս: Որքանով է դա ստացվել, ցույց կտան գնդակով մարզումները (ծիծաղում է)»:

ՄԱՐԶՈւՄՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈւՄԸ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ ՉԷ

«Սա դեռ պաշտոնական չէ, սակայն տեղեկություն կա, որ մայիսի 4-ից մենք վերսկսելու ենք մարզումները «Էնոսիսում», հնարավոր է խմբերով: Ապրիլի 30-ին այս հարցում հստակություն կլինի»:

ԿԱՊԱՐՈՍ ԵՎ «ԹԱՐՄ ԱՐՅՈւՆ»

«Ես դեռ անձամբ ծանոթ չեմ Խոակին Կապարոսի հետ, սակայն գիտեմ, որ նա շատ բարձր մակարդակի մասնագետ է, որը կարող է օգնել մեզ հաջողության հասնել:

Ցանկացած թիմի և հավաքականի պարբերաբար անհրաժեշտ է «թարմ արյուն»: Հուսով եմ, որ այն ֆուտբոլիստները, որոնք կհրավիրվեն Հայաստանի հավաքական, կնպաստեն մեր հաղթանակներին, և մենք միասին կկարողանանք ուրախացնել մեր ազգին»:

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԱԿՈւՄԲԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ

«Մակեդոնական «Վարդարում» անցկացրած տարիներն անմոռանալի են ինձ համար, դա անգնահատելի փորձ էր: Մի շարք տպավորիչ հաղթանակներ ենք տարել, այդ թվում թուրքական «Ֆեներբահչեի» նկատմամբ, դուրս ենք եկել Եվրոպայի լիգայի խմբային փուլ:

Կիպրոսի առաջնությունում թիմերը տակտիկապես ավելի որակյալ ու գրագետ են: Այստեղ հաճելի է հանդես գալը, քանի որ բոլոր թիմերը փորձում են ֆուտբոլ խաղալ: Ուրախ եմ, որ պաշտպանում եմ «Էնոսիսի» գույները: Արդյո՞ք կմնամ այստեղ հաջորդ մրցաշրջանում, ցույց կտա ժամանակը»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով