11:18  ,  15 ապրիլի, 2020

Վահան Բիչախչյանը՝ Սլովակիայում իր կարիերայի, կորոնավիրուսի, հավաքականի և Կապարոսի մասին (ֆոտո)

2017 թվականի ամռանը հայկական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Վահան Բիչախչյանը, Գյումրու «Շիրակից» տեղափոխվեց Սլովակիան ներկայացնող «Ժիլինա»:

Վնասվածքների պատճառով Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանին դեռ չի հաջողվել լիովին դրսևորել իրեն Սլովակիայում: «Ժիլինայի» երկրորդ թիմի կազմում անցկացրած 34 խաղում Բիչախչյանը դարձել է 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հիմնական թիմի կազմում 21 խաղում հայ կիսապաշտպանը կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բիչախչյանը պատմել է՝ ինչպես է պահպանում մարզավիճակը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, հերքել ֆինանսական խնդիրների պատճառով «Ժիլինայի» լուծարման մասին լուրերը: Վահանը խոսել է ակումբում և ազգային հավաքականում իր նպատակների մասին, նաև կարծիք հայտնել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մասին:

ՖՈւՏԲՈԼ VS ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ

«Կարանտինի ընթացքում հիմնականում գտնվում եմ տանը: Ամեն շաբաթ ակումբից անհատական մարզման ծրագիր եմ ստանում: Փորձում եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել պարտադրված դադարը, որպեսզի պահպանեմ մարզավիճակս»:

««ԺԻԼԻՆԱՅԻ» ԼՈւԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈւՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈւՄ ԻՐԱԿԱՆՈւԹՅԱՆԸ»

«Շշուկներ են տարածվել այն մասին, որ «Ժիլինան» գտնում է լուծարման եզրին: Դա չի համապատասխանում իրականությանը: Հուսով եմ՝ վիրուսը շուտով կնահանջի, և մենք կկարողանանք վերսկսել մարզումները: Իմ բոլոր մտքերը կապված են «Ժիլինայի» հետ, որի հետ ունեմ գործող պայմանագիր»:

«ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ ԽԱՆԳԱՐԵՑԻՆ, ՍԱԿԱՅՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ»

«Սլովակիայում առաջին փուլը շատ դժվար անցավ: Ես նոր էի ապաքինվել վնասվածքից, երբ կրկին վնասվածք ստացա ու երկար ժամանակով դուրս մնացի շարքից: Սակայն, ոչ մի ֆուտբոլիստ ապահավոգրված չէ վնասվածքներից: Պետք է առաջ շարժվել և պայքարել մեկնարկային կազմում տեղի համար: Նույնիսկ նման իրավիճակներից կարող ես օգուտ քաղել ապագայի համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵՎ ԿԱՊԱՐՈՍԻ ՄԱՍԻՆ

«Ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է սեփական երկրի ազգային հավաքականում հանդես գալը: Դրա համար պետք է շատ աշխատել:

Շատ եմ լսել Խոակին Կապարոսի մասին, որը մարզել է «Սևիլիայի» և «Աթլետիկ Բիլբաոյի» պես թիմեր: Հուսով եմ, որ նա կօգնի հավաքականին հաջողության հասնել և ամենակարևորը՝ ուրախացնել մեր ազգին»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով