17:17  ,  15 փետրվարի, 2020

ԵԱ. Արսեն Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն ուժեղ գտնվեց Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկից:

Արսեն Հարությունյանն ուկրաինացի ըմբիշի նկատմամբ հաղթանակ տարավ 7:0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Որակավորման փուլում Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակ էր տարել Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն նաև Մարզպետ Գալստյանը (92 կգ), որը որակավորման փուլում 15:2 հաշվով հաղթանակ էր տարել ուկրաինացի Ռոման Ռիչկոյի նկատմամբ, և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որը 1/8 եզրափակիչում 7:5 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Իլյա Արչայայի նկատմամբ:

74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը մեկնարկում 2:9 հաշվով պարտություն էր կրել վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ պայքարում:

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Մխեյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Մխեյանի մրցակիցը կլինի Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Գևորգ Մխեյանը 12:2 հաշվով հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7:3 հաշվով հաղթանակ տարել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում