15:21  ,  15 փետրվարի, 2020

ԵԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

61 կգ քաշայինների որակավորման փուլում Հարությունյանը 6:0 հաշվով հաղթեց Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին:

Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն նաև 74, 86, 92 եւ 125 կգ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները:

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային 1/8 երզափակիչում կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ:

92 կգ քաշայինների որակավորման փուլում Մարզպետ Գալստյանը կմրցի ուկրաինացի Ռոման Ռիչկոյի հետ:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:

70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Գևորգ Մխեյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտը կանցակցնի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Մխեյանը 12:2 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում