14:05  ,  25 հոկտեմբերի, 2026

Արթուր Դավթյանն այսօր կպայքարի աշխարհի չեմպիոնի երկրորդ տիտղոսի համար

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այսօր կշարունակվեն առանձին գործիքների եզրափակիչները: Հենացատկի վարժության եզրափակիչում աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ կփորձի նվաճել Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլը հաղթահարել է 14.633 միավորով: Նա որակավորման փուլում երկրորդն է։

Արթուր Դավթյանը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 2022 թ. Լիվերպուլում անցկացված առաջնությունում:

2025 թ. Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչում վաստակելով 14.833 միավոր: Տիտղոսը նվաճեց  կրկնակի օլիմպիական չեմպիոն ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որը վաստակեց 14.866 միավոր:

Հիշեցնենք, որ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությունում արդեն նվաճել է երեք մեդալ՝ 1 ոսկի, 2 բրոնզ: 

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 19-ամյա Համլետ Մանուկյանը, որը հավասարը չի ունեցել նժույգ թափեր վարժությունում: Նույն վարժությունում բրոնզե մեդալակիր է դարձել Մամիկոն Խաչատրյանը: Բրոնզե մեդալ է նվաճել նաեւ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում: 

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանն ուներ 4 մասնակից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print