15:12  +04,  22 հունվարի, 2020

Մարիա Գեւորգյան․ Անպարտելիության զգացողություն չունեմ, պետք է փորձենք միջազգային մրցաշարերում ավելի լավ հանդես գալ

Երեւանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ եւ կանանց 75-րդ առաջնությունները:

Կանանց առաջնությունում լավագույնը գրոսմայստեր Մարիա Գեւորգյանն էր, որը 9 հնարավորից վաստակեց  8 միավոր ՝ մեկ միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված Սուսաննա Գաբոյանին:

Մարիա Գեւորգյանը Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է նաեւ 2016, 2017 եւ 2019 թվականներին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Մարիա Գեւորգյանի հետ։

Մարիա, չորրորդ անգամ նվաճեցիր Հայաստանի չեմպիոնի կոչումը: Ամփոփիր առաջնությունը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցի 8 միավորով. առաջին պարտիայում պարտվեցի երկրորդ տեղը գրաված Սուսաննա Գաբոյանին: Մեկնարկը վատ ստացվեց: Իրականում երկուսս էլ վատ խաղացինք՝ երկկողմանի սխալներով: Մի պահ հնարավորություն ստացա ոչ-ոքի անել, բայց որոշեցի գնալ հաղթանակի եւ արդյունքում սխալ որոշում դուրս եկավ: Դիրքը հավասար էր, բայց ինձ համար ավելի դժվար էր խաղալը եւ այդպես պարտվեցի առաջին պարտիան:

Էլի է եղել, որ բարձրագույն լիգայում առաջին պարտիաներում վատ դիրքեր եմ ունեցել, բայց վերջում կարողացել եմ հաղթել: Բայց այս տարի երեւի հոգեբանական առումով տրամադրված չէի: Մինչ այս Ղազախստանում շատ վատ մրցաշար էի ունեցել, դա իր ազդեցությունն էր թողել, կարելի է ասել՝ իրականությունից կտրված էի:

Երկրորդ պարտիրայում հաղթեցի Վերոնիկա Խաչատրյանին, երրորդում՝ Մարիա Կուրսովայի նկատմամբ առավելության հասա եւ խաղս վերագտա:

Ինչպե՞ս ես կարողանում կարեւոր մրցաշարերի մեկնարկում պարտվելուց հետո վերադառնալ պայքարի մեջ։

Շատ դժվար է ստացվում վերակագնվել: Այդ նույն դժվարությունը եղավ նաեւ Հայաստանի առաջնությունում: Ամեն դեպքում առաջին պարտիայում անիմաստ պարտվեցի: Երբ շանսդ կա ու բաց ես թողնում, հասկանում ես, որ մի բան բաց թողեցիր: Երկրորդ պարտիայում հաղթելուց հետո հոգեբանորեն ավելի հանգստացա, որոշեցի ուղղակի չլարվել եւ խաղալ իմ խաղը: Արդեն երրորդում՝ Կուրսովային հաղթելուց հետո ամրապնդեցի դիրքերս, խաղիս որակը շատ բարձրացավ եւ ավելի վստահ դարձա:

Ամենաբարդ պարտիան ո՞րն էր:

Դժվար է ասել: Սուսաննա Գաբոյանի հետ խաղը հանած, շատ դժվար ստացվեց Սիրանույշ Ղուկասյանի հետ խաղը: Ոչ թե խաղային առումով, այլ զուտ մարդկային տեսանկյունից. Սիրանույշը մրցաշարում վատ էր խաղում, իսկ ես չէի ցանկանում, որ ինքը հեռու տեղեր գրավեր: Այդ պատճառով ավելի բարդ ստացվեց այդ խաղը, բայց մրցաշար է, պետք է խաղանք: Բարդ ստացվեց նաեւ Աննա Խաչատրյանի հետ պարտիան, որովհետեւ ինչ-որ չափով Սուսանա Գաբոյանն ինձ հետապնդում էր միավորներով եւ սեւերով Աննա Խաչատրյանը վատ չէր խաղում ամբողջ մրցաշարում. Շատ դժվար էր: Հավասար վերջնախաղ ստացվեց, բայց հետո կարողացա հաղթած դիրք ստանալ:

Ինչո՞վ առանձնացավ այս տարվա Հայաստանի առաջնությունը:

2019-ին ավելի լավ էի պատրաստվել Հայաստանի առաջնությանը: Այս տարի մի փոքր թույլ էր պատրաստվածությունս: Ինչ վերաբերում է ընդհանուր առաջնությանը, մրցակցությունը մեծացել էր, աղջիկներն ուժեղացել էին նախորդ տարվա համեմատ: Զգում էի տարբերությունը նրանց խաղում։

Ես 2019-ին 8,5 միավոր վաստակեցի՝ ոչ մի պարտություն չգրանցելով: Միայն մեկ տուրում ոչ-ոքի արեցի, իսկ այս տարի պարտություն ունեցա հենց մեկնարկում:

Չորրորդ չեմպիոնությունդ է: Ինչպե՞ս ես քեզ զգում այս կարգավիճակում:

Շատ լավ եմ զգում, անպարտելիության զգացողություն չունեմ: Պետք է փորձենք միջազգային մրցաշարերում մեզ արդարացնել, ավելի լավ հանդես գալ: Բայց ամեն տարի չեմպիոն դառնալուց զգացողությունները լրիվ տարբեր են լինում: Անկասկած ուրախ եմ, որ չորրորդ անգամ կարողացա հաղթող ճանաչվել:

Ի՞նչ ծրագրեր կան 2020-ում:

Դեռ տարին չեմ ծրագրել միջազգային մրցաշարերի մասնակցության առումով: Մասնակցելու ենք Համաշխարհային օլիմպիադային, որը տեղի է ունենալու օգոստոսի 5-17-ը Մոսկվայում: Մինչ այդ հունիսին մասնակցելու եմ Եվրոպայի անհատական առաջնության: Քանի որ Հայաստանի առաջնությունը նոր է ավարտվել եւ դրա արդյունքներից շատ բան էր կախված, այդ պատճառով դեռ չեմ պլանավորել, որ մրցաշարերին եմ մասնակցելու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ