18:35  +04,  7 նոյեմբերի, 2019

Արթուր Վանեցյան․ Իրականում, եղել է մի շատ պարզ իրավական կազուս

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված խնդիրը։

ՀՖՖ գործկոմի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի առանց գործկոմի քվեարկության նշանակել հավաքականի մարզիչին։ Վանեցյանը պատասխանել է, որ նոր կանոնադրությամբ այդ իրավունքը վերապահված է բացառապես ՀՖՖ նախագահին։

«Գործկոմի նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ քվեարկեցին Խաշմանյանի թեկնածությանը։ Այս պահից նա հավաքականի գլխավոր մարզիչն է։ Շնորհավորում եմ պարոն Խաշմանյանին եւ հաջողություն եմ մաղթում նրան այս ծանր եւ պատասխանատու աշխատանքում։ Հույս ունեմ, որ նա կբերի հաղթանակներ մեր ազգային հավաքականին։

Պարզաբանեմ, թե ինչ կատարվեց երեկվանից մինչեւ այսօր։ Իրականում, ոչ մի խնդիր չի եղել, ինչ-որ երկրաշարժ չի եղել։ Ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, այդ հարցի վրա շատ սեւեռվեց հասարակության ուշադրությունը։ Իրականում, եղել է մի շատ պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում առաջիկայում կնշանակվի ծառայողական քննություն եւ համապատասխան պաշտոնյաներ կպատասխանեն։ 2019թ․ հունիսի 26-ին տեղի է ունեցել ՀՖՖ-ի հերթական ժողովը, որի ընթացքում հաստատավել է ՀՖՖ-ի նոր կանոնադրությունը։

ՀՖՖ-ի նոր կանոնադրության համաձայն, բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ֆեդերացիայի նախագահին։ Այդ կանոնադրությունը պետք է մուտքագրվեր արդարադատության պետական ռեգիստր, բայց մուտքագրվել է միայն այս տարվա հոկտեմբերի 25-ին եւ 10 աշխատանքային օր է պահանջվում գրանցվելու համար։ Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը։ Բայց մեր աշխատակազմը ինձ չէր հայտնել, որ կանոնադրությունը պետռեսգիստրում դեռ գրանցում ստացած չէ։ Տեխնիկական սխալը եղել է մեր մի աշխատակցի կողմից։ Հունիսի փոխարեն տարել է հոկտեմբերին եւ ոչ մեկին չի ասել, որ իր վրա խոսակցություն չբերի։ Դա է եղել միակ պատճառը

Այդ աղմուկն ընդհանրապես տեղին չէր եւ այս հարցը լուծվեց, եւ մենք ունենք նոր գլխավոր մարզիչ։

Արսեն Թորոսյանը նիստին չէր մասնակցում, երեւի զբաղված է, չգիտեմ՝ ինչու չի մասնակցել։

Քաղաքական դրդապատճառներ չեմ տեսնում այս աղմուկի մեջ, հետաքրքրություն եմ տեսնում ինչ-որ հարցի շուրջ աղմուկ բարձրացնելու համար։ Ֆուտբոլում եւ ֆուտբոլային աշխարհում որեւէ քայլ չի արվում Արթուր Վանեցյանի դեմ, արվում է հայկական ֆուտբոլի դեմ։ Ցանկացած ոտնձգություն հայկական ֆուտբոլի դեմ անթույլատրելի է։ Եկեք բոլորս միավորվենք եւ փորձենք ունենալ լավ ֆուտբոլ։ Ունեցել ենք լուրջ հաջողություններ ակումբային թիմերում, ազգային հավաքականում, եւ այդ հաջողությունները շարունակվելու են։ Կառուցել ենք 52 խաղադաշտ մարզերում, հանձնել ենք երեխաներին։ Այդ հաջողությունները շարունակվելու են, ունենալու ենք հաջողություններ։

Որեւէ բան չեմ անում, որ լինի այս ամենը, ինչ կատարվում է։ Իմ հրաժարականից հետո առհասարակ աշխատում եմ որեւէ հանրային հայտարարություններ չանել, որեւէ մասնակցություն չեմ ունենում այս կամ այն իրադարձություններին, բայց իմ ցանկացած հանդիպում, սրճարան գնալ, երկրից բացակայել դառնում է քննարկման առարկա։ Իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամեն օր կեղծ լուրեր են տարածում, դրանցից որեւէ մեկը չի հաստատվել, կարող եմ հանդես գալ հերքումներով բայց չեմ ցանկանում հանդես գալ հերքումներով կամ ներկայացնել դատական հայցեր, որպեսզի հանգստանան եւ շարժվեն առաջ։ Այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են իմ մասին, փորձում են սեւացնել ինձ, իրականության հետ որեւէ մի կապ չունի։ Կոչ եմ անում մեր հասարակությանը սատարել ազգային հավաքականին, հայկական ֆուտբոլին եւ հավատալ, որ հայկական ֆուտբոլն ունենալու է լավ ապագա»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն Աբրահամ Խաշմանյանի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանի թիմին, նոյեմբերի 18-ին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ