21:56  +04,  5 սեպտեմբերի, 2019

Հայաստանը լարված պայքարում պարտվեց Իտալիային

2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի՝ Հայաստան - Իտալիա հանդիպումն ավարտվեց Իտալիայի հավաքականի հաղթանակով՝ 3:1 հաշվով: 

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո բացեց «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: 28-րդ րոպեին «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին Էմերսոնի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը: 77-րդ րոպեին «Ռոմայի» հարձակող Լորենցո Պելեգրինին առաջ մղեց Իտալիային: 3 րոպե անց Անդրեա Բելոտին դուբլ ձևակերպեց:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Ընդհանուր առմամբ, Իտալիայի հավաքականը վերահսկում էր խաղը, ինչի մասին փաստում են գնդակի նկատմամբ ունեցած վերահսկողության ցուցանիշը՝ 68 տոկոս և իտալացի ֆուտբոլիստների կատարած փոխանցումների քանակը՝ 598: 

Երկրորդ խաղակեսում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը, հաշվի առնելով Ալեքսանդր Կարապետյանի հեռացումը, հիմնականում պաշտպանվում էր: Հայաստանին հաջողվեց մի քանի վտանգավոր հակագրոհ անցկացնել, սակայն գրոհների եզրափակիչ մասում հայ ֆուտբոլիստներին հաջողության հասնել չհաջողվեց:

Հանդիպման գլխավոր մրցավար, գերմանացի Դանիել Զիբերտի գործողությունները ոչ միանշանակ էին ընդունվում հայ ֆուտբոլիստների և երկրպագուների կողմից: Զիբերտն առիթը բաց չէր թողնում Հայաստանի հավաքականի դարպասի ուղղությամբ տուգանային հարվածներ նշանակելու և հայ ֆուտբոլիստներին դեղին քարտեր ցույց տալու համար: 

Այժմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Իտալիան 15 միավորով բացահայտ առաջատար է: Ֆինլանդիայի հավաքականը 9 միավորով երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդ տեղում է: Չորսական միավոր ունեն Հունաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներն, իսկ Լիխտեյնշտեյնն առանց միավորի վերջին տեղում է:

«Հանրապետական» ստադիոնում հանդիպման ընթացքին հետևում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Եվրո-2020, ընտրական փուլ, 5-րդ տուր

Հայաստան - Իտալիա՝ 1:3 (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան, 10 - Անդրեա Բելոտի, 28, 80, Լորենցո Պելեգրինի, 77

Հեռացում

Հայաստան . Ալեքսանդր Կարապետյան (երկրորդ դեղին քարտ, 45+2)

Մեկնարկային կազմեր

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Գրիգորյան (Ռումյան Հովսեփյան, 57), Գևորգ Ղազարյան (Էդգար Բաբայան, 82), Տիգրան Բարսեղյան (Սարգիս Ադամյան, 57), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան:

Իտալիա. Ջանլուիջի Դոնարումա, Ալեսանդրո Ֆլորենցի, Լեոնարդո Բոնուչի, Ալեսիո Ռամանյոլի, Էմերսոն Պալմիերի, Մարկո Վերատի, Ժորժինյո, Նիկոլա Բարելա (Ստեֆանո Սենսի, 69), Ֆեդերիկո Բեռնարդեսկի (Կեւին Լազանիա, 83), Ֆեդերիկո Կյեզա (Լորենցո Պելեգրինի, 61), Անդրեա Բելոտի:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ