15:05  +04,  26 հունիսի, 2019

Արթուր Վանեցյան․ Վստահ եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ զարգացում կապրի

Վստահ եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ զարգացում կապրի: Արդեն իսկ կան որոշակի դրական արդյունքներ: Կարծում եմ՝ հետեւողական աշխատանքի արդյունքում մեր դրական ձեռքբերումները շարունակվելու են:

Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական համաժողովում ասել է ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Երեւանում կայացավ ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց նախորդ ֆինանսական տարվա (2018թ.) գործունեության հաշվետվությունը:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց ՀՖՖ տարեկան (2018թ.) հաշվապահական հաշվեկշռի, եկամուտների, ծախսերի հաշվետվությունը: Միաձայն քվեարկությամբ հաստատվեց հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն: Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաեւ 2019-2025 ՀՖՖ ռազմավարությունը, որը եւս քվեարկությամբ հաստատվեց միաձայն: 18-րդ ժողովի ընդմիջմանը ՀՖՖ Արթուր Վանեցյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Բարձրագույն խմբում վերջերս հայտարարած փոփոխությունների մասին:

«Փոփոխությունները վատ ազդեցություն չեն կարող ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման վրա: Այս քայլով փորձում ենք մրցակցությունն ավելացնել: Եթե թիմն ընդգրկվում էր Բարձրգույն լիգա, կարեւոր չէ` ինչպես կխաղար, քանի միավոր կստանար եւ ոնց կավարտեր մցաշարը, մշտապես իր տեղը պահպանում էր Բարձրագույն խմբում: Մեր այս քայլով նպատակ ունենք ավելացնել մրցակցությունը թիմերի միջեւ: Այն թիմը, որը կզբաղեցնի վերջին տեղը, հետ կգնա Առաջին լիգա: Իսկ Առաջին լիգայի առաջին տեղը զբաղեցնողը կբարձրանա Բարձրագույն լիգա: Նպատակը հիմնական մրցակցության ավելացում: Երեք թիմ չի բարձրանում Բարձրագույն խումբ, քանի որ Հայաստանում այսօր կա լրջագույն խնդիր դաշտերի հետ կապված:

Ակումբների մեծամասնությունը չեն ուզում ներդրումներ անել, այլ հույսները դնում են ֆեդերացիայի ենթակառուցվածքների վրա: Թիմերը մեզանից են պահանջում, որ իրենց դաշտեր տրամադրենք, որպեսզի իրենք կարողանան խաղալ: Այսօրվա եղած ենքակառուցվածքներով կարող ենք կազմակերպել ընդամենը թիմից բաղկացած առաջնություն Ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է Բարձրագույն խմբի առաջնություն: Արդյունքում Ֆուտբոլի ֆեդերացիան միջոցներ է ծախսում կազմակերպչական աշխատանքների վրա եւ մշապես ունենում ենք դժգոհություններ ֆուտբոլային ակումբների սեփականատերերից:

Աշխարհում ընդունած պրակտիկա է պրոֆեսիոնալ լիգա ունենալը: Պաշտոնական հայտարարություն արդեն արել եմ, որ սկսեն քննարկումներ պոֆեսիոնալ լիգա ստեղծելու մասին: Կարծումեմ, սա ֆուտբոլի ֆեդերացիային կթույլատրի այդ միջոցները ծախսել մասսայական, մանկապատանեկան ֆուտբոի զարգացման վրա, իսկ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը կլուծի ակումբների այն բոլոր հարցերը, որոնք մշտապես ծագում են: Մենք այսօր տարեկան ծախսում ենք 270 միլիոն դրամ ազգային առաջնության կազմակերպման համար: Եթե Պրոֆեսիոնալ լիգան կազմակերպի ազգային առաջնությունը, այդքան գումար կտնտեսվի եւ կծախսվի այլ կարեւոր միջոցառումների եւ նպատակների վրա»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով Հայաստանի առաջնություն մրցավարական խնդիրներին եւ բողոքներին, ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆեդերացիան աշխատանքներ է տանում հնարավորինս մրցավարներից բողոքները նվազեցնելու ուղղությամբ:

«Արդեն սկսվել են մրցավարների վերապատրաստումները արտերկրում: Բացի այդ գաղտնիք բացեմ, այսօր քննարկումներ ենք տանում հայտնի մրցավարների հետ, որպեսզի հրավիրենք Հայաստան եւ ընդգրկենք մրցավարական կոմիտեում: Այդ քայլերը շատ ինտենսիվ արվելու են,որպեսզի երկրորդ շրջանում մրցավարերից բողոքներ նվազեցնենք: Իմ ընտրության հենց առաջին օրը հայտարարել եմ, որ պետք է ուշադրություն դարձնենք մասսայական ֆուբոլի զարգացմանը: Հայաստանում պետք է շատ ֆուտբոլ խաղան, ֆուտբոլային շատ դաշտեր ունենանք: Այս տարի հիմնականում մարզերում կառուցելու ենք շուրջ 76 խոշոր դաշտեր, որոնք նվիրելու ենք համայքներին: Դրանք հսկայական ներդրումներ են, մեծ աշխատանք է, որը կատարելու է ֆուտբոլի ֆեդերացիան եւ կարծում եմ այդ քայլով մենք կարողանալու ենք մեր մարզերում բնակվող երեխաներին օգնել՝ զբաղվեն ֆուտբոլով»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: